Մալթան չեղարկել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի վիզան՝ դեկտեմբերի 5-6-ը Վալետայում, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ԱԳ նախարարների խորհրդի նիստից առաջ։ Ըստ Մալթայի ԱԳՆ-ի` որոշումը կապված է Զախարովայի՝ երկիր մուտք գործելու արգելքի հետ՝ հաղորդել է dpa գործակալությունը։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ԵՄ պատժամիջոցների ցուցակում է 2022 թվականի փետրվարից։
Ի սկզբանե Զախարովայի համար բացառություն էր արվել, սակայն, դիվանագիտական շրջանակներից ստացված տեղեկատվության համաձայն՝ բացառությանը դեմ են արտահայտվել Էստոնիան, Լատվիան և Լիտվան։ Նրանք դա հիմնավորել են նրանով, որ անցյալ տարի Ռուսաստանը արգելափակել էր Էստոնիայի նախագահությունը ԵԱՀԿ-ում։
Մոսկվային զայրացրել է Մալթայի որոշումը: «Աննախադեպ է միջոցառման նախօրեին Մալթայի նախագահության կողմից ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային արդեն տված վիզայի չեղարկումը՝ «իրենց վերահսկողությունից անկախ հանգամանքների պատճառով» ձևակերպմամբ»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ը
Միևնույն ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն արդեն ժամանել է Վալետա: Ինչպես պարզել է dpa-ն, նախարարը Մալթա է մեկնել ռուսական օդանավով, չնայած այն հանգամանքին, որ ռուսական ինքնաթիռներին արգելված է մուտք գործել ԵՄ օդային տարածք:
Սա Լավրովի առաջին այցն է ԵՄ երկիր 2022 թվականի փետրվարին Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո։