Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հինգշաբթի հրամանագիր է ստորագրել Վրաստանի իշխանությունների 20 ներկայացուցչի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ հղում անելով Կիևի աղբյուրներին։
Պատժամիջոցների ցանկում են իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին, վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին և ուրիշներ։ Ցուցակում ներառվել է նաև վարչապետի հայրը՝ Գիորգի Կոբախիձեն, որը 90-ականներին զբաղեցրել է Վրաստանի խորհրդարանի փոխնախագահի պաշտոնը։
Զելենսկին իր արևմտյան գործընկերներին կոչ է արել սկզբունքային լինել և նույնպես պատժամիջոցներ կիրառել Վրաստանի առաջնորդների դեմ։
Զելենսկու սահմանած 10-ամյա պատժամիջոցները ներառում են Ուկրաինա մուտքի արգելք, այնտեղ ֆինանսական գործողություններ կատարելու և սեփականության իրավունքի սահմանափակումներ:
Ավելի վաղ մի շարք վրացի ղեկավարների դեմ պատժամիջոցներ էին սահմանել Մերձբալթյան երկրները, ինչի կապակցությամբ Թբիլիսիում նրանց դեսպանները կանչվել էին Վրաստանի ԱԳՆ՝ պարզաբանումների համար: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ իր հերթին վրացական իշխանություններին դատապարտել է եվրաինտեգրման կասեցման դեմ բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ բռնության համար և սպառնացել է Թբիլիսիին ավելի խիստ պատժամիջոցների սահմանումով: