Թբիլիսիում գիշերը բողոքի ցույցը հանգիստ է անցել՝ ի տարբերություն Ռուսթավելու պողոտայի նախորդ օրերի ցույցերի՝ գրում են ԶԼՄ-ները։
Մութն ընկնելուց հետո մի քանի հարյուր մարդ շարունակել է ակցիան։ Ոստիկանները փակել են խորհրդարանի շենքին հարակից փողոցներն ու Ազատության հրապարակը։ Հատուկ նշանակության ջոկատայինները համեմատաբար հանգիստ իրավիճակի պատճառով լքել են ոստիկանական շարասյուների մոտ տեղակայված դիրքերը:
Այնուամենայնիվ, առանձին դեպքեր տեղի են ունեցել։ Խորհրդարանի շենքի մոտ կանանցից բաղկացած խումբը փորձել է անցնել ոստիկանների շարքերի միջով՝ նրանց հասցեին վիրավորանքներ բղավելով։ Կանանց կանգնեցրել են, իսկ նրանց պաշտպանած տղամարդուն ոստիկանները բերման են ենթարկել:
Ցուցարարները խմբերով տեղավորվել են Ռուսթավելու պողոտային հարակից մի քանի թաղամասում: Նրանք խարույկներ են վառել՝ տաքանալու համար։ Ժամանակ առ ժամանակ հրավառության կրակոցներ են հնչել, բայց ոչ թե ոստիկանների ուղղությամբ, ինչպես նախորդ գիշերները, այլ դեպի երկինք:
Չորեքշաբթի ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում՝ խուզարկություններով և մեծ քանակությամբ հրատեխնիկայի առգրավմամբ, ձերբակալելել են տասնյակ ընդդիմադիրների։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն էլ ճեպազրույցում ասել է, որ խուզարկությունները ոչ թե ռեպրեսիվ, այլ կանխարգելիչ միջոց են նախորդ օրերին ցույցերի ժամանակ դրսևորված բռնությունների դեմ։