Այսօր տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը։ Այն վարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նախարարը ողջունել է խորհրդի անդամներին և համոզմունք հայտնել, որ գործընկերների ջանքերի համախմբումը կհանգեցնի տեսանելի արդյունքների և կնպաստի տեղահանված հայրենակիցների կյանքի որակի բարձրացմանը:
Նիստի օրակարգում ընդգրկված է եղել 2 հարց։ Առաջին հարցը վերաբերում էր զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրերին։ Հարցը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։
Երկրորդ հարցը վերաբերել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացիկ իրավիճակին. այն զեկուցել է Աննա Ժամակոչյանը։
ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը տեղեկացրել է, որ այս պահին, ըստ ՊԵԿ-ի փոխանցած տվյալների, 25000 տեղահանված գրանցված աշխատանք ունի։
«ՄՍԾ-ի միջոցով այս պահին աշխատանքի ապահովման երկու ձև է գործում՝ ուղիղ գործատուի միջոցով և աշխատանքային պրակտիկայի, ուսուցման տեսքով»,- նշել է ԱՍՀ նախարարի տեղակալը։
ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, խոսելով ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մասին, նշել է, որ այս պահին մի քանի ուղղություններով փորձում են լավարկել։ Դրանք վերաբերում են ձեռք բերվող, կառուցվող բնակելի տարածքների մակերեսներին, տուն կառուցելու համար ձեռք բերվող հողատարածքի գումարի շեմի բարձրացմանը, հողամասի նվազագույն մակերեսի սահմանմանը, ինչպես նաև երկրորդ փուլի շահառուներին հնարավորություն տալուն՝ դիմել ծրագրին, եթե վճարունակ ճանաչվեն։
Խորհրդի նիստին մասնակցել է նաև ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նորանշանակ պետ Նելլի Դավթյանը։
Խորհրդի անդամները զեկուցվող հարցերի վերաբերյալ հայտնել են իրենց տեսակետները և առաջարկները։
Ծավալվել է հարց ու պատասխան։