Այս օրենսդրական փոփոխությունը, ըստ էության, ճգնաժամային կառավարմանը միտված փոփոխություն է, և այստեղ մենք հրշեջի գործառույթ ենք իրականացնում, և այդ հրդեհը, ճգնաժամը մեր մեղքով չէ, որ առաջացել է: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 5-ի արտահերթ նիստին՝ ՏԻՄ օրենքում լրացում կատարելու հարցի քննարկման ժամանակ, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ապա պարզաբանեց, թե ինչու է տարբեր համայնքներում այս իրավիճակն առաջանում:
«Պատճառն այն է, որ ՀՀ բոլոր համայնքներում թևակոխել ենք համամասնական ընտրակարգի: Քաղաքական պայքարը տեղափոխել ենք համայնքներ, և քաղաքական ուժերն այդ համայնքներում զբաղվում են քաղաքականությամբ, այսինքն՝ համայնքներում գործում է պառլամենտական մոդել, և այդ պառլամենտական մոդելում այս կամ այն խմբակցության կողմից (մանավանդ՝ մեծամասնություն ունեցող խմբակցության կողմից) մանդատների՝ ամբողջական վայր դնելու արդյունքում ստեղծվում է քաղաքական ճգնաժամ, և այդ ճգնաժամը պետք է հանգուցալուծել:
Օբյեկտիվորեն, մեր օրենսդրությունը դեռ պիտի հարմարվի քաղաքական այն իրականությանը, որը մենք Հայաստանի համայնքներում ներդրել ենք»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ ՏԻՄ օրենքում լրացում կատարելու նախագծով առաջարկվում է, որ քաղաքային համայնքներում ղեկավարի թափուր պաշտոնում նշանակում կատարի ՀՀ վարչապետը, իսկ գյուղական բնակավայրերում՝ մարզպետը: Նախատեսվում է, որ նախագծի ընդունման դեպքում այն կկիրառվի Գյումրիում ճգնաժամը լուծելու համար: