Գործադիրի որոշմամբ նախատեսվում է տրամադրել ՀՀ քաղաքացու անձնագրեր օտարերկրյա պետություններում՝ առանց պետտուրք գանձելու: Ըստ հիմնավորման՝ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը:
2024 թ. 3-րդ եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 512 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Ընդ որում՝ այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում ՀՀ դեսպանության (174 գործ) և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության (338 գործ) կողմից, տվյալ քաղաքներում ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար: