Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ օրենքի նախագիծն իր բնույթով դրական փոփոխություն է՝ ի շահ ՀՀ քաղաքացիների ու գործարար միջավայրի:
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է 2019-ի դեկտեմբերի 19-ի՝ Կառավարության համապատասխան որոշմամբ, որով Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2023 թթ. ռազմավարությամբ գյուղատնտեսության ոլորտում որդեգրված պետական քաղաքականության հիմնական առաջնահերթություններն են նշված:
Նախագծով առաջարկվում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդգրկված հարկային տարիների համար շահութահարկի վճարումից ազատել գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված շահութահարկ վճարողներին` իրենց կողմից գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի, ինչպես նաև այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների մասով, եթե այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը:
Այլ կերպ ասած՝ նախագծով նախատեսվում է ներկայումս գործող հարկային արտոնության ժամկետը երկարացնել եւս 2 տարով:
«Եթե հակիրճ ասելու լինենք՝ շահութահարկ չվճարելու հնարավորությունը գործում է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը, առաջարկում ենք այս արտոնությունը տանել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը: Ընդ որում՝ սա չի նշանակում, որ հիմա հայտարարում ենք, որ պարտադիր 2026-ի դեկտեմբերի 31-ից հետո անցնելու ենք շահութահարկի համակարգի: Պարզապես հիմա ուզում եմ նշել, որ ֆինանսների, էկոնոմիկայի նախարարությունները, վարչապետի գլխավորությամբ, քննարկվում են տնտեսական քաղաքականության նպատակները և առաջնահերթություններն առաջիկա տարիների համար, և երբ հստակեցնենք այդ փաստաթուղթը, մեր հիմնական դիրքորոշումը կարտահայտենք այս համակարգի նկատմամբ»,- նշեց նախարարը:
Նրա խոսքով՝ այն, ինչ այսօր ունենք, հեռու է աշխարհում առաջատար փորձից:
«Փաստացի, այսօր ունենք մի շուկա, որտեղ որևէ հաշվառում տեղի չի ունենում, որտեղ բացարձակ ստվերում է գործում ամեն ինչ, խոսքը Արարատի մարզում գտնվող այդ հայտնի համակարգի մասին է, կան նաև ընկերություններ, որոնք իրենց համար մինի լոգիստիկ կենտրոններ են ստեղծել, ինչը մեծ առումով արդյունավետ չէ: Պետությունը պատրաստ է համապատասխան գործիքակազմ ու աջակցություն տրամադրել այն գործարարներին, որոնք պատրաստ կլինեն այս ոլորտում համապատասխան ներդրումներ իրականացնել»,- ասաց Պապոյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի դիտարկմանը իրացման հետ կապված երկարաժամկետ ինստիտուտների ստեղծման հարցի վերաբերյալ: