Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանն արձագանքել է ջրծաղիկի պատվաստանյութը Հայաստան բերելու ուշացման վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերին։
«Արձագանքելով ջրծաղիկի դեմ պատվաստանյութի ձեռքբերման մասին շահարկումներին` հարկ եմ համարում որոշ արձանագրումներ անել։
Ջրծաղիկի պատվաստանյութ ձեռք բերելու համար դեռևս 2023 թ. ընթացքում մի քանի անգամ հայտարարվել է մրցույթ: 2024 թ. հաղթող կազմակերպությունը իրականացրել է մատակարարում՝ սահմանված ժամկետներում։ Նկատեցի, որ հրապարակումներում շահարկվում է այն միտքը, թե ինչու առողջության առաջնային պահպանման օղակները դեռևս ապահովված չեն ջրծաղիկի դեմ պատվաստանյութով:
Ցանկացած պատվաստանյութի մատակարարման շղթայի մեջ որակի ստուգումը ամենակարևոր փուլն է մեզ համար, և մինչև չունենանք բոլոր ընթացակարգերին համապատասխանություն, բաշխման պրոցեսը չի կարող արագացվել:
Վերահաստատում ենք, որ մեզ համար հանրային առողջությունը գերակա է, ուստի որևէ հոդված, հրապարակում կամ նեղ շրջանակի «մտահոգություն» չի կարող արհեստականորեն արագացնել պատվաստանյութերի մատակարարման գործընթացը»,- պարզաբանել են նախարարությունից։