Արտակ Գրիգորյանը հայտնել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին։
«Սիրելի՛ երկրպագուներ,
Յուրաքանչյուր լավ բան, որն ունի սկիզբ, ունի նաև ավարտ:
Ինչպես արդեն գիտեք, որոշում եմ կայացրել ավարտել ֆուտբոլային կարիերաս, որը լի էր բազմաթիվ հիշարժան իրադարձություններով, հաջողություններով և հիասթափություններով, դժվարություններով և հաղթանակներով, մշտական պայքարով և նվաճումներով:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս երկար տարիների ընթացքում ինձ մարզած բոլոր մարզիչներին՝ առաջինից մինչև վերջինը: Նրանցից յուրաքանչյուրից շատ բան եմ սովորել՝ որպես ֆուտբոլիստ և մարդ:
Շնորհակալ եմ իմ խաղընկերներին, առանց որոնց չէի ունենա իմ ձեռքբերումների նույնիսկ կեսը:
Ինչպես ակումբներում, այնպես էլ ազգաին հավաքականում խաղացել եմ շատ բարձրակարգ ֆուտբոլիստների կողքին, որոնցից շատերի հետ ձևավորվել է ընկերություն նաև խաղադաշտից դուրս:
Ազգային հավաքականում խաղալը միշտ եղել է իմ երազանքը: Ուրախ եմ, եթե կարողացել եմ ինչ-որ չափով նպաստել մեր թիմի հաղթանակներին: Ազգային հավաքականի մարզաշապիկով խաղադաշտ դուրս գալն ամենայուրահատուկ զգացողությունն է, որ կարող է լինել ցանկացած ֆուտբոլիստի կյանքում:
Ուզում եմ առանձնակի շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին: Ամբողջ կարիերայիս ընթացքում և մինչև վերջ մշտապես զգացել եմ ձեր աջակցությունը և ջերմությունը:
Հուսով եմ ու նաև վստահ, որ ավարտում եմ իմ ֆուտբոլային ուղին միայն որպես ֆուտբոլիստ:
Ուրախ կլինեմ հետագայում ևս նպաստելու մեր ֆուտբոլի զարգացմանը:
Կհանդիպենք»,- Ֆեյսբուքում գրել է նա։
Արտակը Գրիգորյանը Հայաստանի վեցակի չեմպիոն, գավաթակիր է, եռակի սուպերգավաթակիր, եվրագավաթներում բոլորից շատ հանդիպումներ (53) անցկացրած հայ ֆուտբոլիստ, Հայաստանի առաջնություններում բոլորից շատ հանդիպումներ անցկացրած երրորդ ֆուտբոլիստ, 21-րդ դարում Հայաստանի առաջնություններում 400 խաղ անցկացրած առաջին ֆուտբոլիստ, հինգերորդը պաշտոնական մրցումներում բոլորից շատ խաղեր անցկացրած հայ ֆուտբոլիստների մեջ, 51 հանդիպում է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի կազմում։