Խորհրդարանը քննարկում է Կառավարության կողմից ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր-Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր-Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի նոյեմբերի 1-ին:
Համաձայնագրով նախատեսվում է ներգրավել բյուջետային աջակցության վարկ՝ 89 միլիոն 469 հազար եվրո գումարի չափով:
Հիմնական զեկուցող, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ այս համաձայնագիրը նույնպես, 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի համաձայն, ուղղվելու է պակասուրդի ֆինանսավորմանը:
Վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետը 2025 թվականի հունիսի 30-ն է, տոկոսադրույքի տեսակը լողացող է, վարկի տարեկան տոկոսադրույքը՝ 6-ամսյա Euribor + 0.5 տոկոս մարժա:
Պարտավորության վճարը կկազմի տարեկան 0.15 տոկոս դրույքաչափ, հաշվարկվում է վարկի չմասհանված գումարի նկատմամբ, հաշվարկման սկիզբ է պայմանագրի ստորագրման ամսաթվից 60-րդ օրը, վճարվում է կիսամյակային կտրվածքով տոկոսավճարների վճարման հետ միաժամանակ:
Վարկի սպասարկման ամսաթվերն են յուրաքանչյուր տարվա մարտի 15-ը և սեպտեմբերի 15-ը: Վարկի մարման ժամկետը 15 տարի է, որից արտոնյալը՝ 3 տարի:
Փաստաթղթով նախատեսված բաղադրիչներից են հարկաբյուջետային, պետական պարտքի և ֆինանսական ռիսկի կառավարման քաղաքականության բարելավումը և ամրապնդումը, ինչպես նաև համապատասխան ենթակառուցվածքների ներդրումը, պետական արժեթղթերի թողարկման և կառավարման շրջանակի ու փողի շուկաների ենթակառուցվածքի ամրապնդումը: Հաջորդը ֆինանսական գործիքների և ներդրողների բազայի ընդլայնումը և կորպորատիվ կառավարման ու թափանցիկության բարձրացումն է: