Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում կրկին ցույցեր են: Հազարավոր քաղաքացիներ արդեն յոթերորդ օրն է՝ բողոքում են Եվրամիությանը Վրաստանի անդամակցության հարցը մինչև 2028 թվականը օրակարգից հանելու կառավարության որոշման դեմ։ Խորհրդարանի շենքի դիմաց ջրցան մեքենաներ են տեղակայվել, իրավապահների և ցուցարարների միջև բախումներ են եղել: ԶԼՄ-ները հայտնում են, որ ակցիայի մասնակիցները ճայթուկներ գրեթե չեն կիրառել, դրանք առգրավվել են ցերեկն իրականացված խուզարկությունների ընթացքում կամ ակցիաներից առաջ։ Ցուցարարները ցրվել են վաղ առավոտյան:
Ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում խուզարկությունները շարունակվել են: Մի շարք անձինք, այդ թվում՝ «Հանուն փոփոխությունների» կոալիցիայի առաջնորդ Նիկա Գվարամիան, «Ուժեղ Վրաստան» կուսակցության ղեկավար Ալեկո Էլիսաշվիլին, բերման են ենթարկվել: Ձերբակալվածները մեղադրվում են խմբային բռնությանը մասնակցելու, կազմակերպելու կամ ղեկավարելու, գույք ոչնչացնելու, պայթյուններ իրականացնելու համար:
ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է՝ Վաշինգտոնը պատրաստ է պատժամիջոցներ սահմանել Վրաստանի իշխանության դեմ՝ ցույցերի մասնակիցներին հետապնդելու համար: Էնթոնի Բլինքենը պահանջել է ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին և պատասխանատվության ենթարկել ուժ կիրառած իրավապահներին:
Կիևն էլ պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի կառավարության դեմ, որը, Վոլոդիմիր Զելենսկու ձևակերպմամբ, երկիրը տանում է Ռուսաստանից կախվածության: Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ փաստաթղթերը կհամաձայնեցվեն եվրոպացի գործընկերների հետ։
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում։