Անձնականը չենք քննարկում: Որովհետև չեք կարդացել: Ես էլ չէի հասկանում մինչև այդ պահը: Ես չեմ կարող ասել՝ մարդը պետական դավաճանություն է արել թե չէ, ես կարող եմ ասել՝ իրավապահները թող զբաղվեն, գնահատականներ տան, բայց այն, որ բանակցություններից ինչ-որ բան հայտնվում է մամուլում, դա չի կարելի: Այս մասին խորհրդարանում լրագրողի հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով պատգամավոր Հովիկ Աղազարյանի շուրջ քննարկումներին:
Դիմելով լրագրողներին՝ հիշեցրեց, որ երեկ իրեն հարց էին տվել, որ եթե վարչապետը խնդրեր վայր դնել մանդատը, ինքը կդնե՞ր, Սիմոնյանն ասաց, որ եթե հասկանա, որ այնպիսի մթնոլորտ է, որ բանը հասել է նրան, որ վարչությունը, վարչապետը իրեն նման բան ասեն, դրա կարիքն էլ չի լինի:
«Որովհետև ես քաղաքական գիտակցություն ունեմ, հասկանում եմ, որ քաղաքական գործչի կյանքում պահ է լինում, որ թեկուզ սխալվի, քաղաքական իրավիճակի պատճառով իրեն զսպի, հետքայլ անի, դադար վերցնի և այլն, բայց գոռգռալով՝ 15-20 րոպեն մեկ հարցազրույց է տալիս, իրեն թվում է, թե դրանով հա՞րց է լուծելու: Ինքը խճճվել էր, ես փորձում էի իրեն օգնել: Իր վրա որևիցե ճնշում չեմ գործադրել: Աղազարյանն իմ սենյակում երկու անգամ եղել է, մի անգամ ես եմ հրավիրել, մյուս անգամ ինքն է եկել: Շատ լավ զրուցել ենք, հետո երկրորդ անգամ եկավ, որոշեց աճպարարություն անել: Հետո, երբ կարդացի այն, ինչ ինքը ինձ մոտ ուրիշ ձև էր ներկայացնում, իրեն հարցրի՝ եղբայր, ամոթ չի՞: Ուրիշ մարդկանց հետ ի՞նչ գործ ունես»,- հարց ուղղեց Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ժողովրդավարության բաստիոնը պետք է գտնի քաղաքական, բարոյական և այլ լծակներ՝ նման կարմիր գծեր հատած պատգամավորին ժողովրդի կողմից տրված մանդատից զրկելու համար, Սիմոնյանը ասաց՝ մանդատն անմեղության հետ կապ չունի:
«Անմեղներ կան, որոնք մանդատներ չունեն»,- հավելեց Սիմոնյանը:
Հարցին՝ եթե վարչապետի խնդրանքով Աղազարյանը վայր դներ մանդատը, կազատվե՞ր այդ ամենից, պատասխանեց՝ կարծում է՝ ոչ, որովհետև դրա օրինակները կան:
«Ի՞նչ կապ ունի: Մանդատը չի փրկում»,- ընդգծեց ԱԺ նախագահը: