Նախատեսվում է ներգրավել 50 մլն եվրոյի չափով բյուջետային աջակցության վարկ: Հաշվի առնելով վարկի բնույթը՝ բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են 2024 թվականի բյուջեի մասին օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, որը 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքով կազմում է 482,9 մլրդ դրամ: Այդ նպատակով բյուջեով նախատեսվել է շուրջ 450 մլն դոլար բյուջետային աջակցության վարկերի ներգրավում: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 5-ին մեկնարկած արտահերթ նիստին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
«Վարկը ներգրավվելու է եվրոյով: Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է լողացող վեցամսյա եվրիբոր՝ պլյուս 1,56 տոկոս, և դեկտեմբերի 2-ի դրությամբ այս տոկոսադրույքը կազմում է 4,235 տոկոս:
Վարկի մարման ժամկետը 18 տարի է, որից արտոնյալը՝ 5 տարի: Վարկի սպասարկման գծով վճարումները կատարվելու են կիսամյակային կտրվածքով, իսկ մայր գումարի մարումը կատարվելու է կիսամյակային կտրվածքով՝ սկսած 2029 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2041 թվականի դեկտեմբերի 15-ը վարկի գումարի 3,84 տոկոսի չափով, իսկ 2042 թվականի հունիսի 15-ից՝ վարկի գումարի 4 տոկոսի չափով»,- ասաց նախարարը: