Երբ հարցը վերաբերում է բանակցություններին, Հայաստանի անվտանգությանը, պետք է ձևացնենք, որ մարդ կարող է նման բան անել ու մնա՞լ: Այս մասին խորհրդարանում ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով պատգամավոր Հովիկ Աղազարյանի կողմից կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքի մասով մեղադրանքներին:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ինչու ՔՊ-ն սկսեց անհանգստանալ, երբ Աղազարյանը մերժեց վարչապետի խնդրանքը մանդատը վայր դնելու մասին, Սիմոնյանը պարզաբանեց՝ այդ ժամանակ է պարզ դարձել:
Նրա խոսքով՝ իրենք չեն իմացել այդ մասին, չեն իմացել՝ ով է արտահոսքի հեղինակը:
«Այդ քրեական գործի մասին մամուլում տեղեկություններ եղել են շատ երկար ժամանակ: Ես պարոն Աղազարյանին շատ երկար ժամանակ կանչել եմ, ասել եմ, որ մամուլում նման հրապարակումներ կան, նման բան կա՞, նա հերքել է: Քրեական գործ է հարուցվել, իրեն այդ քրգործի շրջանակում կանչել են, որ պարզեն՝ մեղք կա՞, թե՞ չէ: Ինքը հեռախոսը տվել է, երբ հեռախոսի մեջ տեսել են, որ բացի դրանից՝ կա այնպիսի բան, որի մասին մենք հիմա խոսում ենք, այդ ժամանակ է պարզ դարձել»,- նշեց Սիմոնյանը:
Նա հրաժարվեց մանրամասնել՝ խոսքն ինչի մասին է:
«Իսկ ինչի՞ եք դուք կարծում, որ այսքան ժամանակահատվածում մենք դեպքեր չենք ունեցել, որ պայմանական՝ բանակցությունները ձախողվել են: Ինչ-որ պահեր են եղել, որ բանակցությունները կանգնել են, հարաբերությունները սրվել են: Գիտեմ, որ պատճառներից մեկն այն է եղել, որ մենք պայմանական պայմանավորվածություն ենք խախտել, բարձրաձայն դրա մասին խոսել ենք: Դե, հիմա գնա-ապացուցի, որ այս խմբակցության անդամը ոչ թե միտումնավոր է այդ հարցազրույցը տվել կամ այդ ինֆորմացիան փոխանցել, այլ սխալվել է»,- ասաց ԱԺ նախագահը:
Հարցին՝ արդյոք եթե իր հեռախոսն առգրավեին, ինչ-որ բաներ չէի՞ն հայտնաբերի, Սիմոնյանը պատասխանեց՝ ապրում է օնլայն ռեժիմով: Նա վստահեցրեց՝ եթե դրա կարիքը լինի, կարող են իր հեռախոսը վերցնել և ոչ մի բան չեն գտնի:
«Ախր, դուք չգիտեք՝ ինչի մասին է խոսքը»,- ժպտալով հավելեց ԱԺ նախագահը: