Այդ քրեական գործի մասին մամուլում տեղեկություն էր եղել շատ երկար ժամանակ. ես պարոն Աղազարյանին շատ երկար ժամանակ առաջ կանչել եմ, ասել եմ, որ մամուլում նման հրապարակումներ կան. տենց բան կա։՞ Չէ, չէ չէ, տենց բան չկա՝ ասել էր Աղազարյանը։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Իսկ ինչո՞ւ եք դուք կարծում, որ այսքան ժամանակահատվածում, որն անցել է արդեն, մենք դեպքեր չենք ունեցել, որ պայմանական բանակցությունները ձախողվել են. ինչ-որ պահեր են եղել չէ՞, որ բանակցությունները կանգնել են, հարաբերությունները սրվել են, և դրա պատճառներից ինչո՞ւ եք բացառում, որ նաև դա. ես ոչ թե չեմ բացառում, ես գիտեմ, որ պատճառներից մեկն այն է եղել, որ մենք պայմանական պայմանավորվածություն ենք խախտել, բարձր դրա մասին խոսել ենք, արտանետում ենք արել. դե, հիմա գնա-ապացուցի, որ այս խմբակցության անդամը ոչ թե միտումնավոր է այդ հարցազրույցը տվել կամ այդ ինֆորմացիան փոխանցել, այլ որովհետև սխալվել է»,- նշեց Ալեն Սիմոնյանը։
Պատասխանելով հարցին, թե արդյոք Աղազարյանի հետ կապված կա՞ն պետական դավաճանության և անձնական հարցեր, Ալեն Սիմոնյանն ասաց՝ երկուսն էլ կան։ «Իրավապահները թող զբաղվեն, գնահատականներ տան։ Բայց այն, որ բանակցություններից ինչ-որ բան հայտնվում է մամուլում, չի կարելի դա»,- նշեց նա։
«Անձնականի մասին չի խոսքը. դա չի կարող քննարկման առարկա լինել. վարչապետը, ես, որևէ պատգամավոր, մենք ազատ մարդիկ ենք, և մեզ համար այդ բաներն անքննելի են։
Երբ որ դու խոսում ես այլ երկրի քաղաքացու, չեմ կարող ասել՝ որ երկրի քաղաքացու հետ, խոսում ես քո դեմքով, քո էջով, և խոսում ես նենց բաների մասին, որ ոչ միայն բարոյականության, այլև այլ խնդիրների կարող է բերել, շատ հանգիստ այդ մարդը կարող է սքրինշոթերը հրապարակել կամ ուղարկի քեզ, ասի՝ հիմա դու կա՛մ քվեարկում ես սենց, կա՛մ ես սա հրապարակում եմ»,- ասաց ԱԺ նախագահը։
Լրագրողների դիտարկմանը, որ ինքը հասկացել է, որ գործակալների հետ է խոսում, Ալեն Սիմոնյանն արձագանքեց հետևյալ կերպ. «Բա որ հասկացել է, որ գործակալների հետ է խոսում, իր դեմքով նստել է... ու տենց չորս անգամ։ Հարգելինե՛րս, ես ձեզ ասում եմ՝ ադեկվատության խնդիր կա. մենք խոսում էինք, ես ամաչում էի: Ինքը փոխանակ ասի՝ լավ, ներեցեք, հիմա՝ մարդ եմ, կարող ա ինչ-որ տեղ սխալվել եմ, ես գնացել էի իրան պաշտպանեի, բայց խոսակցությունը չհասավ այդ թեմաներին։ Ես ուզում եմ՝ դուք բոլորդ մի օր դա կարդաք, ես ձեզ կանչեմ, ասեմ՝ դե պատմեք»,- ասաց Սիմոնյանը։
«Ես կարծում եմ, որ Հովիկ Աղազարյանը պետք է վաղուց, այն ժամանակ, երբ որ վարչապետը իրեն խնդրել էր, ինչպես պարկեշտ ու ճիշտ պահեց Նարեկ Զեյնալյանը, մնացած մեր գործընկերները, պետք է ասեր՝ միգուցե ես համաձայն չեմ այս որոշման հետ, բայց ո՞նց կարելի է ՀՀ ընտրված ղեկավարի խնդրանքը մերժել. թիմի ղեկավարի, վարչության ղեկավարի։ Ինձ երեկ հարցնում եք՝ որ քեզ ասի. իհարկե, եթե ես հասկանամ, որ այնպիսի մթնոլորտ է, որ եկել է, հասել է նրան, որ վարչությունը, վարչապետը տենց բան է ասում, դրա կարիքն էլ չի լինի, որովհետև ես քաղաքական գիտակցություն ունեմ»,- նշեց նա։
«Իմացեք. վարչությունը որոշում ունի, որ յուրաքանչյուր պաշտոնյա, կուսակցական, որը որ լրատվամիջոցներին մեր գործընկերներից մեկի դեմ նյութ կպատվիրի, նյութ սլիվ կանի՝ վնասելու համար, ինքը զրկվելու է թե՛ կուսակցական լինելուց, թե՛ զբաղեցրած պաշտոնից»,- ասաց ԱԺ նախագահը։