Լիզինգի ծրագրի շահառու կդառնան նաև համայնքները: Լիզինգառուի կողմից ծրագրով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի մոնիթորինգը կվերապահվի շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցի շահագործան վայրի մարզին, համայնքին: Այս փոփոխություններին առնչվող որոշման նախագիծը Կառավարության՝ դեկտեմբերի 5-ի նիստին ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը:
«Գործող ծրագրով սահմանված է, որ շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոց ձեռք բերած լիզինգառուն հայտարարությունով ստանձնում է որոշակի բնակավայրերում սպանդանոցային ծառայությունների մատուցման պարտավորություն, մինչդեռ ստանձնած պարտավորությունների նկատմամբ մոնիթորինգ նախատեսված չէր»,- նկատեց նախարարի տեղակալը՝ նշելով, որ նախագծով առաջարկվում է, որ շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոց ձեռք բերած լիզինգառուի պարտավորությունների կատարման ընթացքի մոնիթորինգն այսուհետ կվերապահվի շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցի շահագործmան վայրի մարզին, համայնքին:
Փոփոխությունների արդյունքում, ըստ նախարարի տեղակալի, ծրագրից օգտվելու հնարավորություն կունենան նաև համայնքները, կընդլայնվի սպանդանոցային ծառայության մատուցման շահառուների շրջանակը, կապահովվի սպանդանոցային մորթի ծառայություններ մատուցող շահառուի պարտավորությունների կատարման նկատմամբ մոնիթորինգ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Այս ծրագրով առաջինը համայնքներին դարձնում ենք լիզինգի ծրագրի շահառու, և բոլոր տեղերից կարող են մասնակցել ծրագրին, այսինքն՝ ինչ նախատեսված է մյուս շահառուների համար, նաև համայնքները կարող են այս ծրագրի շրջանակում ձեռք բերել»:
Փոփոխության արդյունքում, ըստ Փաշինյանի, սահմանվում է նաև, որ մարզպետները պետք է հաստատեն՝ տվյալ բնակավայրում սպանդանոցի աnհրաժեշտություն կա՞, թե՞ չկա:
«Մենք որոշակի մեխանիզմներ ենք դրել, որը հնարավորություն կտա որոշակի մոնիթորինգ անել, որ այդ շրջիկ շարժական սպանդանոցները գործում են այն բնակավայրերի տարածքում, որտեղ մենք կոնկրետ նպատակադրում ունենք»,- ասաց Փաշինյանը: