Երբ ես լսեցի, որ պարոն Քոչարյանը (Լևոն Քոչարյան - խմբ.) պետք է կոռուպցիային վերաբերող հարցի մասին խոսի «Հայաստան» խմբակցության անունից, հիշեցի «մաֆիա» խաղը, որտեղ կեղծ շերիֆ է բացվում և սկսում է կարմիր խաղ խաղալ: Բարեբախտաբար, կյանքը «մաֆիայի» նման չի, հատկապես Հայաստանում 2018 թվականից հետո: Այս մասին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից իր ելույթում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Անդրադառնալով Լևոն Քոչարյանի ելույթին, երբ նա խոսում էր կոռուպցիայի մասին, Կոնջորյանը տեղեկացրեց՝ այդ ընթացքում ինքը բացել է ChatGPT-ն և դերային խաղ խաղացել կոռուպցիայի վերաբերյալ, ապա ներկայացրեց ChatGPT-ի առաջարկած տարբերակները:
«Քանի որ դուք այսօր խոսում էիք մեր իշխանության կոռումպացվածության մասին, ուզում եմ բացել և նորից հիշեցնել ձեզ Ապօրինի գույքի բռնագանձնման օրենքով Ռոբերտ Քոչարյանից պահանջվող դիմումները»,- հիշեցրեց Կոնջորյանը՝ ընթերցելով ՀՀ գլխավոր դատախազության պահանջը:
«Տիկի՛ն Գրիգորյան («Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Աննա Գրիգորյան - խմբ.), տեղյա՞կ եք այս ամենի մասին, երբ գալիս եք ու կուսական զարմանքով կոռուպցիայի մասին եք խոսում, բա էդ ժամանակ չե՞ք նայել էս տողերը: Պարո՛ն Քոչարյան, Դուք ասեցիք, չէ՞ 4 մլրդ դոլարի մասին:
Հիշեցնեմ Ձեզ, որ 4 միլիարդ դոլարի մասին տեղեկատվությունը հայաստանյան մամուլում հայտնվել է Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, հիմա թե նա ինչ էր ուզում Ձեզ ակնարկեր, ես չեմ ցանկանում մտնել մատի ու մատանու արանքը՝ Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան-Հանրապետական-Դաշնակցություն: Երկու ղեկավարների դրամատիկ հարաբերությունները բոլորիս են հայտնի,- նշեց Կոնջորյանը, ապա շարունակեց դատախազության պահանջը՝ «բռնագանձման են ենթակա «Տոյոտա-Երևանի» 30 տոկոսը, «Օրանժ Ֆիթնեսի» 50 տոկոսը, «Նաիրի Ինշուրանսի» 60 տոկոսը», որը, ըստ դատախազի, գրանցված է Լևոն Քոչարյանի անունով:
Դիմելով Լևոն Քոչարյանին՝ պատգամավորը նկատեց՝ նա շատ հաջողակ գործարար է, այնինչ՝ եկել-հարկատուների հաշվին զբաղված է օրենսդիր գործունեությամբ:
«Ձեր ինչի՞ն է պետք, Դուք Forbes-ի ամենահայտնի միլիարդատերերի ցուցակում հայտնվելու հնարավորություն ունեք, շատ երիտասարդ տարիքում դուք համարյա դոլարային միլիոնատեր դառնալու ճանապարհին եք եղել, հիմա եկել-խոսում եք կոռուպցիայի դեմ պայքարից»,- հայտարարեց Կոնջորյանը:
Ինչ վերաբերում է Լևոն Քոչարյանի պնդումներին, թե Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին ներգաղթ է եղել, հակադարձեց՝ ՀՀ 3 նախագահների իշխանության տարիներին ՀՀ-ից անվերադարձ հեռացել է 1 մլն մարդ:
«Եթե շատ կոպիտ հաշվարկ անենք, ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները 110 հազար էին, այսինքն՝ 10 Լեռնային Ղարաբաղի չափ մարդ ձեր իշխանության տարիներին անվերադարձ հեռացել է Հայաստանից: Այսինքն՝ 10 հատ ԼՂ ենք մենք կորցրել ձեր իշխանության տարիներին»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը:
Ինչ վերաբերում է ընդդիմության քննադատությանը վարչապետի «ազգ-նահատակ» թեզի շուրջ՝ ասելով, թե մենք եղել ենք հաղթանակած ազգ, հակադարձեց՝ ինչպես է եղել, որ հաղթանակած ազգի մեկ միլիոն քաղաքացի հեռացել է հայրենիքից:
«Ո՞նց է եղել, որ պատերազմում ամրագրված հաղթանակը խաղաղության մեջ պարտություն եք դարձրել: Պարտության ապացույցը կեղծված ընտրություններն են, ժողովրդի քվեի գողացումն է եղել, պարտության արձանագրումն է եղել Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը: Պարտության արձանագրումը եղել է արդարադատության ասպատակումը, մարդկանց ունեզրկումը: Դուք դա համարո՞ւմ եք հաղթանակած: Դուք ձեր բարեկեցությունը, ձեր հաղթանակած կյանքը պրոյեկտել եք հանրության վրա՝ մտածելով, որ բոլորն այդպես են ապրում»,- խոսքը եզրափակեց Կոնջորյանը՝ դիմելով Լևոն Քոչարյանին: