Կառավարության՝ դեկտեմբերի 5-ի նիստին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի մասով որոշման նախագիծը, համաձայն որի՝ 2024 թվականի պետբյուջեից համաֆինանսավորման նպատակով ՀՀ մարզպետների աշխատակազմերին ընդհանուր 3 մլրդ 845 մլն 273 հազար դրամ կհատկացվի:
«Սույն նախագիծն առաջարկվում է՝ ֆինանսավորելու 30 համայնքի ընդհանուր 50 ծրագիր»,- ասաց նախարարը և հավելեց, որ այս որոշման արդյունքում կստացվի, որ պետական համաֆինանսավորման ծրագրի պետական մասը ֆինանսավորելու համար պետբյուջեից հատկացվում է ընդհանուր 25,8 մլրդ դրամ:
Նախարարը թվարկեց նաև գումարի բաշխվածությունն ըստ մարզերի: Ըստ այդմ՝ Արարատի մարզ՝ 336,6 մլն դրամ, Արմավիրի մարզ՝ 395,7 մլն դրամ, Գեղարքունիքի մարզ՝ 1 մլրդ 174 մլն դրամ, Լոռու մարզ՝ 167,9 մլն դրամ, Կոտայքի մարզ՝ 699,3 մլն դրամ, Շիրակի մարզ՝ 169,6 մլն դրամ, Սյունիքի մարզ՝ 690 մլն դրամ, Տավուշի մարզ՝ 211,2 մլն դրամ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց ծրագրերը, որոնք այս որոշմամբ ֆինանսավորվելու են: Դրանց թվում են՝ տանիքների հիմնանորոգում, փողոցային լուսավորության ցանցի կառուցում, վերակառուցում, ասֆալտապատման աշխատանքներ, շենքերի հիմնանորոգում, գազիֆիկացում, խմելու ցանցի կառուցում, նոր ջրագծի կառուցում, ոռոգման ջրատարի կառուցում, մանկապարտեզների խաղահրապարակների կառուցում, գույքի ձեռքբերում, մշակույթի տան վերանորոգում և այլն:
«Որակի վերահսկողությունը մեզ համար ունի առանցքային կարևոր նշանակություն, և կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ բոլոր օրինապահ հարկ վճարողներին»,- ասաց վարչապետը: