Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ։ Այդ մասին Կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Արմավիրի մարզպետի պաշտոնում ինձ առաջադրելու համար։ Ինձ համար չափազանց մեծ պատիվ է ստանձնել Արմավիրի մարզպետի պաշտոնը և մեծ պատասխանատվություն՝ անմիջական ներգրավվածություն ունենալ հարազատ մարզի զարգացման և հզորացման գործում։ Քաջատեղյակ լինելով մարզի խնդիրներին՝ ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի արդարացնեմ ինձ վստահող մարդկանց և Արմավիրի մարզի բնակչության ակնկալիքները»,- ասաց Արգիշտի Մեխակյանը։
«Պարոն Մեխակյանը մինչև վերջերս Խոյ խոշորացված համայնքի ղեկավարն էր, դրանից առաջ՝ ԱԺ պատգամավոր և դրանից առաջ՝ Արմավիրի մարզպետի տեղակալ: Եվ նկատի ունեմ՝ վերջին տարիներին ներգրավված է եղել պետական կառավարման համակարգում, և ես ուրախ եմ նաև, վերջին շրջանի նշանակումների ժամանակ ես հաճախ եմ անդրադառնում այս խնդրին, որ մի ժամանակ մեր քաղաքական թիմի մասին ասում էին սովորաբար՝ երիտասարդ և անփորձ, հիմա մենք արդեն անցել ենք այն շեմը, որ կարող ենք ասել՝ երիտասարդ և փորձառու, ինչը կարծում եմ՝ վատ չէ. իհարկե, ոչ միայն երիտասարդ, փորձառությունը շատ կարևոր է։ Մեզ բոլորիս հաջողություն եմ մաղթում առաջիկա օրակարգերի իրագործման հարցում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ ՔՊ վարչության նիստում Արգիշտի Մեխակյանն առաջադրվել է Արմավիրի մարզպետի թեկնածու:
Հիշեցնենք՝ Դավիթ Խուդաթյանն ազատվել է Արմավիրի մարզպետի պաշտոնից և նշանակվել ՏԿԵ նախարար: