Քիչ առաջ դուք մի ֆանտաստկ դրվագի ականատես եղաք: «Հայաստան» խմբակցությունը խոսում է կոռուպցիայի մասին: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Աննա Գրիգորյանի մեղադրանքներին:
Վերջինս մասնավորապես մեղադրում էր, թե ՔՊ-ի պաշտոնյաների հետ փոխկապակցված անձինք մի քանի հարյուր միլիոն դրամի տենդերներ են շահել:
«Տիկի՛ն Գրիգորյան, դուք Կապանից եք, բա մի օր եկեք ասեք ձեր պաշտպանած պարոն Փարսյանի (Կապան համայնքի ղեկավար - խմբ.) ղեկավարման ընթացքում տենդերների 70 և ավել տոկոսը շահում են պարոն Փարսյանի ընտանիքի հետ փոխկապակցված կազմակերպությունները: Բա ինչի՞ չեք ասում, տիկին Գրիգորյան: Տոկոսային համամասնություն կա, հարգելի՛ քաղաքացիներ: Տենդերները մրցույթ են: Հայաստանում 2018-ից ի վեր այնքան նման մրցույթ է դրվում, որ դրանց շատ դեպքերում մասնակցող չի լինում, որովհետև բոլոր կազմակերպությունները զբաղված են:
Եթե կա կոռուպցիա, կա կոնկրետ ինչ-որ բան, օրինակ՝ նախկինի պես գնացել, մեկին սպառնացել են, ասել են՝ կսպանենք, չգնաս, այդ տենդերին չմասնակցես, ինչ-որ մեկի որդուն են առևանգել, ասել են՝ չմասնակցես, կամ իրոք ինչ-որ մեկին տարել-սպանել են, ասեք դրա մասին: Խոստանում եմ, ինքս ձեր ասածի հետևից կգնամ, տիկին Գրիգորյան: Կներեք, հազար ներողություն, իմ ընտանիքը չի ստացել ՀԷԿ կառուցելու թույլտվություն, ձեր ընտանիքն է ստացել: Ես ՀԷԿ կսռուցելու ո՛չ թույլտվություն ունեմ, ո՛չ դիմել եմ, ո՛չ առհասարակ պատկերացնում եմ՝ խոսքն ինչ գումարների մասին է, ձեր ընտանիքն է ՀԷԿ կառուցելու թույլտվություն ստացել: Ասում եք՝ պետբյուջե, աշխատավարձ, պարգևավճար, տիկին Գրիգորյան, ձեր հայրը պետական համակարգում չի՞ աշխատում, աշխատավարձ չի՞ ստանում: Ի՞նչն է հարցը»,- ասաց Ալեքսանյանը:
Ինչ վերաբերում է Գրիգորյանի՝ պադավատապետության մասին մեղադրանքներին, Ալեքսանյանը նկատեց՝ մի քանի օր է հայտարարվել, թե քանի տոկոսով է կրճատվել ծառայողական ավտոմեքենաների թիվը:
Ալեքսանյանը ընդդիմադիրներին խորհուրդ տվեց այս կամ այն կոռուպցիոն թեմաների մեջ իրենց մեղադրելու փոխարեն նայել իրենց շուրջը:
«Վստահեցնում եմ, որ եթե լինում են ինչ-որ դեպքեր, որոնք այս կամ այն կերպ առնչվում են կոռուպցիային, որոնք կարող են առհասարակ կասկածի տեղիք տալ կոռուպցիայի լինելու կամ չլինելու մեջ, տիկին Գրիգորյան, վստահեցնում եմ Ձեզ, որ ՔՊ-ն այդ թեմաների մասին շատ ավելի խիստ ու շատ ավելի ուսումնասիրել է»,- ասաց պատգամավորը՝ վստահեցնելով, որ իր քաղաքական թիմի հավատամքը եղել է ու շարունակում է մնալ հետևյալը՝ կոռուպցիան չարիք է, և կոռուպցիան ՀՀ-ում տեղ չունի:
«Մեր քաղաքական թիմը՝ որպես համակարգ, ցանկացած պարագայում մշտապես իրենից վանել է և վանելու է ցանկացած կոռուպցիոն դրսևորում և այդ համակարգի մեջ ցանկացած ոք, ով թույլ կտա այդ սխալները, ստանալու է համապատասխան քրեաիրավական գնահատական»,- խոսքը եզրափակեց Վահագն Ալեքսանյանը: