ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։
ՏԿԵ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել GIZ-ի ներկայացուցիչներին մինչ այժմ իրականացված համատեղ ծրագրերի համար և կարևորել հատկապես ջրային կառավարման ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությունը։
GIZ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը ներկայացրել է պլանավորվող «Ջրի և կեղտաջրերի կայուն կառավարում Հայաստանի համայնքների ճկուն զարգացման համար» ծրագրի մանրամասները։ Ծրագիրը պատվիրակված է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից և «Եվրամիությունը հանուն Սևանի» ծրագրի տրամաբանական շարունակությունն է։
Վաչե Տերտերյանն իր գոհունակությունն է հայտնել ջրային կառավարման ոլորտում ևս մեկ կարևոր ծրագրի շուրջ համագործակցության հնարավորության համար։ Տերտերյանը կարևորել է նաև այն փաստը, որ ծրագրի բովանդակությունը համահունչ լինի ջրի ազգային ռազմավարության մշակման ընթացքում ձևավորվող հայեցակարգային մոտեցումներին ու առաջնահերթություններին։ Միևնույն ժամանակ ՏԿԵ նախարարի տեղակալը նշել է նախքան մեկնարկը Ջրային կոմիտեի առաջարկած համայնքներում ծրագրի շուրջ քննարկումներ անցկացնելու կարևորությունը։
Տվյալ ծրագրի շուրջ առաքելությունը երկշաբաթյա է, ուստի պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու շաբաթից կրկին հանդիպել և առավել առարկայական քննարկում անցկացնել։ Ծրագրի տևողությունը երեք տարի է լինելու, մեկնարկելու է 2025 թվականի ավարտին։