Ավելի քան 290 վրացի պետական ծառայող հանդես է եկել համատեղ հայտարարությամբ, որում քննադատել են «Վրացական երազանքի» որոշումը՝ հրաժարվել Եվրամիության հետ անդամակցության բանակցություններից մինչև 2028 թվականը։ Հայտարարությունը ստորագրողները նաև դատապարտել են ցուցարարների նկատմամբ ավելորդ ուժի կիրառումը։
«Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն խոստացել է «պատասխանել» բողոքի ակցիային աջակցած քաղծառայողներին։ «Եթե չեմ սխալվում, քաղաքապետարանի 229 աշխատակից է ստորագրել, իսկ մենք ունենք մինչև 32 հազար աշխատող: Դիվերսիայի փորձը, հավատացեք, անպատասխան չի մնա, իհարկե, Սահմանադրության և օրենքի շրջանակներում»,- հայտարարել է Կալաձեն:
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն էլ «Վրացական երազանքի» որոշումներից անջատվելու բազմաթիվ պետական ծառայողների որոշումը որակել է որպես «պետական ծառայության ինքնամաքրում»։ Իսկ ընդդիմության նկատմամբ իշխանությունների գործողությունները համարել է ոչ թե ռեպրեսիա, այլ կանխարգելում: