Սերբիայի կառավարամետ Սոցիալիստական շարժման պատգամավորները, որոնց ղեկավարն է փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինը, դեկտեմբերի 3-ին խորհրդարան է ներկայացրել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագիծը:
Ըստ «Կոմերսանտ» թերթի՝ փաստաթղթից հետևում է, որ «արտասահմանյան աղբյուրներից ֆինանսավորվող և քաղաքականությամբ զբաղվող բոլոր կազմակերպություններն ու անձինք պետք է գրանցվեն, և յուրաքանչյուր հրապարակման մեջ նշեն օտարերկրյա գործակալի իրենց կարգավիճակը»: Օրենքը խախտելու համար նախատեսվում է գործունեության որոշակի տեսակների արգելք, քրեական պատիժ կամ տուգանք ՝ 5 հազար դինարից (42 եվրո) մինչև 2 միլիոն դինար (17000 եվրո):
Ալեքսանդր Վուլինը Սերբիայի կառավարությունում վերահսկում է BRICS-ի երկրների հետ փոխգործակցությունը, ընդ որում՝ նա պարբերաբար այցելում է Ռուսաստան։ 2023 թվականից նրա նկատմամբ գործում են ԱՄՆ-ի պատժամիջոցները, որոնք ընդունվել են «Բալկաններում Ռուսաստանի գործունեությանն աջակցելու համար»։
TV Pink-ի հետ հարցազրույցում Վուլինն ասել է, որ իր շարժման մշակած օրինագիծը օտարերկրյա գործակալների գրանցման մասին ամերիկյան օրենքի անալոգն է, «որն արգելում է ՀԿ-ների ֆինանսավորումն արտասահմանից»: Մինչդեռ ընդդիմությունը կարծում է, որ դա ավելի շատ նման է «Օտարերկրյա գործակալների մասին» ռուսական կամ վրացական օրենքներին։