Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հույս է հայտնել, որ Երևանը կշարունակի իր աշխատանքը կազմակերպությունում, ինչպես նաև հիշեցրել է, որ Հայաստանի հանդեպ ՀԱՊԿ պարտավորությունները պահպանվում են։ Այդ մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսում։
«Հայաստանը ցանկացած պահի կարող է վերադառնալ լիարժեք մասնակցության կազմակերպության աշխատանքներին։ ՀԱՊԿ անդամներից որևէ առարկություն կամ խոչընդոտ չկա: Հուսով ենք, որ որոշ ժամանակ անց Հայաստանը, այնուամենայնիվ, կմիանա մեր կազմակերպությունում իրականացվող աշխատանքներին»,- նշել է գլխավոր քարտուղարը։
Տասմագամբետովի խոսքով՝ հարաբերությունների այն ձևաչափը, որը վերջերս ձևավորվել է կազմակերպության և Հայաստանի միջև, առաջին հերթին հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության որոշումն է։ «Այնուամենայնիվ, կազմակերպությունում ընթացող բոլոր հարցերի քննարկմանը Հայաստանի չմասնակցելը չի ազդում մեր աշխատանքի արդյունավետության վրա»,- նշել է նա։