2018 թվականից հետո կոնկրետ միջոցներ են ձեռնարկվել: Առաջին՝ գովազդները ընդհանրապես արգելվել է ՀՀ-ում, բուքմեյքերական գրասենյակները համատարած փակվել են: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի հարցին առցանց խաղադրույքների վերաբերյալ:
Վարչապետը նշեց, որ դեռ շատ անելիքներ կան, որ ոլորտը ոչ միայն կանոնակարգվի, այլև ավելի պատշաճ չափով հարկվի, և պետական բյուջեի համար եկամուտներ գեներացվեն. «Մենք այս հարցին չենք վերաբերվում անհատական համակրանքներով կամ հակակրանքներով: Ես համաձայն եմ, որ դա լուրջ պրոբլեմ է, այստեղ կան սոցիալական, հոգեբանական շերտեր, կան ընտանիքներ, որոնք, չուզենալով, ընկնում են մեծ պրոբլեմների տակ»,- ասաց նա:
«Ես քաղաքացիներից նամակ էլ եմ ստանում։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ինձ մի քաղաքացի նամակ է գրել, ասում է՝ դժվար վիճակում եմ, օգնեք, ասում եմ՝ ի՞նչ է եղել, ասում է՝ դե, պարտք ունեմ, ասում եմ՝ ինչքա՞ն, ասում է՝ օրինակ՝ 16 մլն դրամ, օգնեք փակեմ, ասում եմ՝ նախ ինչի՞ց է էդ պարտքը, ասում է՝ դե, 6 մլն ունեի, հետո ինձ ասացին, թե ձև կա, կազինոյում կարանք խաղանք, այդ պարտքը փակենք, դառավ 16 մլն»,- նշեց վարչապետը։
«Մենք շատ կարևոր օրենսդրական փոփոխություն արեցինք, ու խաղադրույքներ կատարելու կարգը մենք փոխեցինք: Մի ժամանակ մարդը կարող էր անանուն խաղադրույք կատարել, և նույնիսկ ընտանիքի անդամը չիմանար, որ այդպիսի պրոբլեմ կա: Հիմա առնվազն օրենսդրական մակարդակում այդ հարցը լուծել ենք, և նաև ընտանիքի համար ենք վերահսկողական մեխանիզմներ ստեղծել, և հույս ունեմ՝ աշխատում է: Բայց, ասում եմ՝ կիսում եմ մտահոգությունները, և մենք այս ուղղությումբ աշխատանք կատարում ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: