Հերթերի բավական մեծ ծանրաբեռնվածություն ենք ունեցել անձնագրերի և վիզաների վարչության համատեքստում, բայց ասեմ, որ վերջերս գործարկել ենք հիբրիդային հերթագրման համակարգը, որը թույլ է տալիս թե՛ կենդանի հերթի ձևաչափով և թե՛ նախապես օնլայն գրանցվելու տրամաբանության մեջ հերթագրվել և ներկայանալ այն անձնագրային բաժանմունք, որտեղ հերթագրումն իրականացվել է: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Էդգար Հակոբյանի հարցին:
«Հիբրիդային հերթագրման համակարգի ներդրմամբ անձնագրային բաժանմունքների ծանրաբեռնվածությունը բավականին նվազել է»,- նշեց նախարարը:
«Նախապես ճիշտ պլանավորման ռեժիմում մեր քաղաքացիները կարող են այնպիսի հերթագրման տարբերակ ընտրել, որը հնարավորություն կտա նրանց ծառայությունը ստանալ ավելի բարենպաստ պայմաններում, և մենք աշխատելու ենք այնպես անել, որ տարբեր ծառայությունների թվայնացման տրամաբանության մեջ արդեն անձնագրային ստորաբաժանումներ, որպես այդպիսին, այցելելու կարիք չլինի: Իհարկե կան որոշակի բացառություններ, որտեղ քաղաքացուն տեսնելու, տարբեր փաստաթղթեր ստանալու և տեղեկատվությունը ճշգրտելու կարիք ունենք»,- ասաց Արփինե Սարգսյանը: