Հատկապես Երևան քաղաքի հաշվառման քննական ստորաբաժանման դեպքում ունենք իրավիճակ, որ 3 ամիս պետք է սպասեն, որ գործնական քննությունը կարողանան հանձնել: Տրանսպորտային միջոցների հաշվառման կամ տեսական քննությունների դեպքում ավելի լավ իրավիճակ է, որովհետև ընդամենը մի քանի օրվա մասին է խոսքը, բայց հատկապես Երևանի դեպքում մեծ ծանրաբեռնվածություն ունենք: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով տրանսպորտային միջոց վարելու համար քննություն հանձնելու հերթերին:
«Առաջիկայում ներդնելու ենք հերթագրման նոր համակարգ, որը թույլ կտա ոչ թե գործնական քննության նախորդ օրն իմանալ, որ հաջորդ օրն անձը պետք է մասնակցի գործնական քննության, այլ հստակ հասկանա, թե հանրապետության որ մարզում ինչ իրավիճակ է հերթերի առումով, և կանխատեսելիության սկզբունքով հաջորդ ամիս գրանցվի ոչ թե Երևան քաղաքի հաշվառման քննական ստորաբաժանումում, այլ, օրինակ՝ Տավուշի մարզի հաշվառման քննական ստորաբաժանումում, և ընտրի նաև օրը, ժամը, որն արդեն ավելի նախընտրելի կլինի քաղաքացու համար»,- ասաց նա և հավելեց՝ հնարավոր է՝ հերթագրման նմանատիպ համակարգ գործարկվի մինչև տարեվերջ:
Ինչ վերաբերում է քննություններին, ապա, ըստ նախարարի, նախատեսվում է տեսական և գործնական քննությունների վերահանձնումը թույլ տալ ոչ շուտ, քան 7 օր անց, իսկ եթե երկրորդ անգամ է վերահանձնում, ապա՝ 1 ամիս անց: Փոփոխության տրամաբանությունն այն է, որ հերթը պետք է տալ այն անձին, որը դեռ չի էլ մասնակցել քննություններին: