Հովիկ Աղազարյանի հեռախոսը իմ սեղանին չի հայտնվել և չէր էլ կարող հայտնվել: Հովիկ Աղազարյանի հեռախոսը քրեական գործի շրջանակներում առգրավվել է անկախ մարմնի կողմից, և անկախ մարմինը, օրենքով սահմանված կարգով համապատասխան բոլոր ընթացակարգերը և թույլտվությունը ունենալով, բոլորովին ուրիշ գործով քննչական հանձնարարական է տվել մեկ այլ մարմնի, որը այդքան էլ անկախ չէ, և երբ որ այդ մարմինը այդ քննչական հանձնարարականը կատարելու ընթացքում բախվել է կամ հանդիպել է տեղեկությունների, որոնք իրենց մեջ պարունակում են պետական անվտանգության սպառնալիքներ, այդ թվում՝ հակահետախուզական սպառնալիքներ, և, բնականաբար, այդ պարագայում այդ մարմինը պարտավոր էր իր գործառույթների շրջանակում կատարել աշխատանք, այդ թվում՝ հեռախոսի տիրոջ հետ, և պարտավոր էր զեկուցել իր վերադասին՝ տվյալ դեպքում Հայաստանի վարչապետին: Այդ մասին ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին:
«Երբ որ այդ տեղեկությունները հայտնվում են Հայաստանի վարչապետի սեղանին, երբ որ չգիտի վարչապետն այդ տեղեկությունների մասին՝ ուրիշ իրավիճակ է, երբ որ գիտի վարչապետը այդ տեղեկությունների մասին, ընդ որում՝ գիտի օրենքով սահմանված կարգով, այդ տեղեկությունն ում հետ կիսվել է, կիսվել է էլի օրենքի տառին և հնարավորություններին, թույլտվություններին համապատասխան, դրանից առաջ ես խորհրդակցել եմ բոլոր հնարավոր մարմինների հետ, ովքեր իրավասու են գնահատական տալ այդ իրավիճակին: Ես ասում եմ նաև, որ ՔՊ կուսակցությունը, վարչությունը որոշում է կայացրել Հովիկ Աղազարյանին հեռացնել սեփական շարքերից, այդ թվում՝ հանրային բարոյականության ստանդարտները ոտնահարելու պատճառով, որը, ի դեպ, նաև որպես կատարման թեզ ընդգծված է նաև ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքում, և, այո՛, ժողովրդավարության բաստիոնը պետք է գտնի քաղաքական, բարոյական և այլ լծակներ նման կարմիր գծեր հատած պատգամավորին ժողովրդի կողմից տրված մանդատից զրկելու համար: Ոչ մի պահ չկասկածեք, որ բոլոր օրինական միջոցները կգործադրվեն այդ նպատակին հասնելու համար»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: