Ընդհանրապես երբ մենք խոսում ենք հակակոռուպցիոն քաղաքականության մասին, գուցե բնազդաբար կամ գուցե իներցիայով մենք առաջին հերթին նկատի ենք ունենում պատժողական քաղաքականությունը, որ, այ, ով կոռուպցիայով զբաղվեց, պետք է իրեն բռնել և պատժել, ինչը ճիշտ է, բայց շատ կարևոր է, որ այդ բարեվարքությունը ոչ թե պոստ ֆակտում լինի, այլ դառնա սոցիալ հոգեբանություն, որովհետև միշտ այս խնդիրը կա, և կարծում եմ, որ հակակոռուպցիոն պայքարի մասին անընդհատ խոսելը և վերահաստատելը, և հավատարմությունն այդ թեմային շատ կարևոր է: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի՝ հակակոռուպցիոն պայքարի հետ կապված հարցին:
«Մեծ հաշվով, մենք ինստիտուցիոնալ զարգացման ճանապարհով պետք է գնանք և կոռուպցիա ծնող երևույթների դեմ պետք է կարողանանք պայքարել և բարեվարքության ավելի բարձր ստանդարտներ պետք է ունենանք ընդհանրապես բոլոր պետական պաշտոնյաների համար, և, իհարկե, նաև իրավապահ համակարգը պետք է շատ ակտիվ պայքարի կոռուպցիայի դեմ, և ես չեմ համարում, որ մենք բավարար արդյունավետությամբ ենք այդ պայքարն իրականացնում, սրա համար կան բազմաթիվ պատճառներ՝ օբեկտիվ և սուբյեկտիվ: Բայց, այնուամենայնիվ, ինչքան էլ ասենք՝ օբյեկտիվ պատճառներ կան, դրանք գոյանում են մարդկային գործոններից:
Ես հիմա ինչ-որ առումով էլի ինձ մեղավոր եմ զգում, բայց որ անկեղծ ասեմ՝ այդքան էլ լավ չեմ պատկերացնում՝ ինչը ոնց պետք է անեի, որ այսպես չստացվեր: Իհարկե ժողովրդական ընկալումը կար, որ պետք էր գնալ բռնել, ոլորել, ջարդել, կոտրել, բայց սա կարող է լինել էմոցիոնալ ժողովրդական ընկալում, բայց դա չի կարող լինել պետական ընկալում: Ճանապարհը մեկն է՝ հավատարիմ մնալ այդ գաղափարին և կարգախոսին և սկզբունքորեն գնալ դրա հետևից, անկախ նրանից` այդ ճանապարհին ում կհանդիպես. բարեկամի կհանդիպես, մրցակցի կհանդիպես, թե անծանոթի կհանդիպես: Սա է ճանապարհը:
Ճանապարհը մեկն է՝ ինստիտուտների կայացումը, այդ թվում` ապօրինի գույքի բռնագանձման: Ի վերջո, մենք պետք է առերեսվենք և դրա մասին խոսենք: Կարող է պարզվի, որ պետք է դատաիրավական համակարգում էլ սերնդափոխություն լինի, և մտածողության փոփոխություն լինի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: