Քննարկելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հետ՝ եկանք այն եզրակացության, որ ժողովրդավարական ևս մեկ ինստիտուտ ներդնենք Հայաստանում, երբ ոչ թե պաշտոնյաների, այլ թեկնածուների ընտրության փուլից քաղաքացիները հնարավորություն են ունենում քվեարկել և որոշում կայացնել: Իմ առաջարկը գյումրեցիներին հենց դա է: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանի հարցին, թե ինչ է ենթադրում Գյումրիում քաղաքային իշխանություն ընտրելու համար նախատեսվող փրայմերիզը:
Վարչապետը շփոթ ստեղծելուց խուսափելու համար առաջարկեց գործածել «նախնական ընտրություն» կամ «նախնական քվեարկություն» արտահայտությունները: Նկատեց, որ նման միտք ծագել է այն ժամանակ, երբ պարզ եղավ, որ Գյումրիում պետք է արտահերթ ընտրություններ լինեն, սակայն չկար քաղաքապետ կամ քաղաքապետի պաշտոնակատար, որոնք կարևոր դերակատարում ունեն ընտրությունների փուլում մի շարք լիազորությունների առումով, ուստի որոշվել է օրենսդրական փոփոխություն կատարել և քաղաքապետի պաշտոնակատար նշանակել:
«Այս պահին ունենք 7 թեկնածու, և առաջիկա կիրակի, երկուշաբթի և երեքշաբթի օրը ՔՊԿ ներկայացուցիչների կողմից կիրականացվի նախնական քվեարկությունը, և պատահական ընտրանքով տարբեր տեղերում գյումրեցիներին կառաջարկվի քվեաթերթիկ, որոնք նրանք կքվեարկեն թեկնածուներից մեկի օգտին, այսինքն՝ հնարավորություն կունենան թեկնածուներից մեկի օգտին քվեարկել: Ես արդեն հայտարարել եմ, որ հաղթած թեկնածուին կնշանակեմ Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար: Սա է պրոցեսը:
Կարող եմ ասել, որ կիրակի, երկուշաբթի և երեքշաբթի օրը մեր սիրելի գյումրեցիների դռները կծեծեն մեր ներկայացուցիչները և կառաջարկեն քվեարկել: Իհարկե, անկեղծ պիտի ասեմ՝ դեռ լավ չենք պատկերանում ծավալը, որ 3 օրվա ընթացքում քանի գյումրեցու կկարողանանք դիմել, բայց, այնուամենայնիվ, աշխատանքի գրաֆիկները հստակ սահմանված են, որպեսզի օբյեկտիվ չափիչներ լինեն: Այդ պահին ինչքան գյումրեցիների կհասցնենք դիմել, և ինչքան էլ կհամաձայնեն քվեարկել, այդ արդյունքները կդրվեն հետագա որոշման հիմքում»,- ասաց նա: