Ըստ էության, մենք անցկացնում ենք նախնական ընտրություններ, որի ձևաչափը մի փոքր փոփոխված է: Այսինքն՝ դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին Գյումրիում լինելու են շրջիկ խմբեր, որոնք առավոտյան դուրս են գալու և շրջելու են քաղաքի փողոցներով: Իրենք են թակելու գյումրեցիների դռները՝ առաջարկելով ընտրել առաջարկվող 7 թեկնածուից որևէ մեկին, ում վարչապետը կնշանակի Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրուցում տեղեկացրեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Նա նաև որոշ մանրամասներ հայտնեց՝ ինչպես է կատարվելու քաղաքացիների կողմից թեկնածուների ընտրությունը:
«Քվեատուփով մարդիկ դուռը թակելու են, տալու են քվեաթերթիկը, քաղաքացին քվեաթերթիկը փակ ռեժիմով քվեարկելու է և նետելու է քվեատուփը: 3 օր անց քվեատուփերը բացվելու են, և հաշվարկից հետո, որը հրապարակային է լինելու, այս ամենի մասին բնականաբար արդեն կիմանանք»,- տեղեկացրեց նա:
Հովհաննիսյանի խոսքով՝ իրենք նպատակ ունեն հնարավորինս անկանխատեսելի ընթացք կազմակերպել, որ որևէ գյումրեցի չիմանա՝ այդ օրը իր դուռը թակելու են, թե չէ, ինչը թույլ կտա զերծ մնալ թեկնածուների կողմից որևէ ներգործությունից:
«Թափանցիկությունը հնարավորինս ապահովել ենք և կապահովենք հողի վրա: Անկանխատեսելիությունն ապահովել ենք, հողի վրա էլ կապահովենք»,- նշեց Հովհաննիսյանը՝ հույս հայտնելով, որ մեծ թվով գյումրեցիներ կմասնակցեն այդ գործընթացին:
Նա համոզմունք հայտնեց՝ սա շատ լավ հնարավորություն է քաղաքական առումով:
«Ժամանակավոր պաշտոնակատարին վարչապետը կարող է հայեցողությամբ նշանակել, բայց մենք գնացել ենք այլ ճանապարհով և քանի որ նաև գիտենք՝ առջևում Գյումրիում քաղաքապետի արտահերթ ընտրություններ են լինելու, ճիշտ ենք համարում քաղաքացիներից հարցնել՝ ում են նախընտրում տեսնել Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի պաշտոնում»,- տեղեկացրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը:
Հարցին՝ ստացվել էր 9 դիմում, ինչ սկզբունքով են ֆիլտրվել Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածուները, Հովհաննիսյանը պատասխանեց՝ ֆիլտրել է ՔՊԿ վարչությունը՝ նաև քաղաքական հայեցողության սկզբունքով:
«Որոշ դրվագներ կային տվյալ թեկնածուների կենսագրականներում, որոնք չէին բխում, մեր ընկալմամբ, քաղաքապետի թեկնածու լինելու տրամաբանությունից: Մեր քաղաքացիներին, որոնք դիմել էին թեկնածության համար, գործընկերային միջավայրում բացատրել ենք հիմնավորումները թեկնածության մերժման և հրաժեշտ ենք տվել միմյանց բարեհամբույր միջավայրում»,- հայտնեց նա:
Նա գյումրեցիներին կոչ արեց հնարավորինս ակտիվ լինել, մասնակցել գործընթացին և ընտրել իրենց թեկուզ ժամանակավոր պաշտոնակատարին:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՔՊ կուսակցության վարչությունն արտահերթ նիստում քննարկել է Գյումրիի քաղաքապետի նախնական քվեարկության մասնակիցների հնարավոր ցանկը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Ֆեյսբուքի իր էջում հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին կմասնակցեն քաղաքապետի պաշտոնակատարի հետևյալ թեկնածուները՝ Լևոն Անանյան, Դավիթ Առուշանյան, Շավարշ Արամյան, Էմմա Բարսեղյան, Սարիկ Մինասյան, Վահագն Մկրտչյան, Կարեն Սարուխանյան։