Բովանդակային քայլեր արվել են, բայց գործընթացն ինչ-ինչ պատճառներով դանդաղել է: Ես հույս ունեմ, որ մոտ ապագայում մենք կկարողանանք նոր թափ հաղորդել բարեփոխումներին, և մենք չենք խախտի հանձնարարականի պահանջը, և նոր Սահմանադրության նախագիծը կունենանք սահմանված ժամկետում: Այդ մասին ԱԺ-ում լրագրողներին ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով նոր Սահմանադրության հայեցակարգի մշակման գործընթացի վերաբերյալ հարցին:
«Ես բարձրացրել եմ կոնցեպտի հետ կապված հարց՝ հանձնաժողովի, դրա առկայության, աշխատանքների կազմակերպման արդյունավետության հետ կապված, և կարծում եմ, որ մեր նպատակը Սահմանադրության նոր նախագիծ ունենալն է, և մենք պետք է առաջ շարժվենք այդ ուղղությամբ, իսկ մեխանիզմի հարցում դեռևս հստակ որոշում չունենք, թե ինչ տարբերակներով ենք շարունակելու աշխատանքները: Կարծում եմ՝ պետք է այդ առումով որոշակի քննարկումներ ունենանք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Այս պահին հստակ դիրքորոշում ասել չեմ կարող, բայց կարող եմ ասել, որ կոնցեպտի առումով այս պահին նախարարությունում ունենք ներքին քննարկումներ, և դրանք ավարտելուց հետո, իհարկե, նաև հարցի վերաբերյալ կարծիքը կլսենք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների: Հետո կսկսենք ավելի արագ իրականացնել նոր նախագծի մշակման աշխատանքները: Եվ ես ևս մեկ անգամ շեշտադրում եմ, որ նպատակը Սահմանադրության նոր նախագիծ ունենալն է սահմանված ժամկետում, և դա մենք կանենք»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղմանը, պատասխանելով հարցին, թե արդյոք նախաբանը փոփոխելի է, նախարարն ասաց, որ դրա փոփոխման հարցը քննարկելի է:
«Բայց եթե հարցին անդրադառնանք ձեր կողմից նշվածի համատեքստում, խնդիր ունենալ չենք կարող, որովհետև նախաբանի առկայության և Հռչակագրի առկայությամբ պայմանավորված հնարավոր հակասության հարցը փակ է, և մասնավորապես խոսքն այն մասին է, որ ՍԴ-ն հակասություն չի տեսել: Անփոփոխելի հոդվածների փոփոխությունը, իմ կարծիքով, որոշ դեպքերում նույնիսկ տրամաբանական էլ չէ, բայց եթե հանրաքվեի է ներկայացվելու նոր Սահմանադրություն, ապա պետք է քննարկենք Սահմանադրության նոր տեքստը: Էությունը նախաբանում ամրագրված հոդվածների, կարծում եմ՝ պետք է որ փոփոխելի չլինի»,- նշեց Սրբուհի Գալյանը: