Ամեն հնարավոր ձևով փորձել եմ մինչև երեկ պարոն Աղազարյանին պաշտպանել, անկեղծ եմ ասում, որովհետև իմ գործըկերն է, իրար հետ ճանապարհ ենք անցել, բայց երեկ ուզում էի անձամբ իրեն ինչ-որ ձևով խեղդել: Այդ մասին Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ Հովիկ Աղազարյանին առնչվող զարգացումներին:
«Ուզում էի օգնել, բայց մարդը չի զղջում, ընդհակառակը՝ ավելի ագրեսիվ, ավելի հակառակվելով, չհասկանալով… Ինձ մոտ, անկեղծ ասած, ոչ միայն ինձ մոտ, տպավորություն կա նաև ադեկվատության հետ կապված… Չեք պատկերացնում…
Ուղղակի ցավում եմ, որ շատ բան չեմ կարող ասել, անկեղծ ցավում եմ, որ շատ բան չեմ կարող ասել: Ես երեկ իրեն ասացի՝ ես եկել էի, որպեսզի քեզ պաշտպանեմ, ես հիմա ինձ հազիվ եմ պահում, որ քեզ մի բան չանեմ»,- ասաց նա:
Հարցին՝ Հովիկ Աղազարյանի կողմից տեղեկատվության արտահոսքը պետությանը դիտավորությամբ վնաս հասցնելուն է առնչվում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ոչ միայն… Չգտեմ՝ դիտավորյալ է, դիտավորյալ չէ, ես չեմ կարող գնահատական տալ, նաև իմ կարգավիճակը դա թույլ չի տալիս: Նաև գիտեմ՝ տարբեր քրեական գործեր կան… մանրամասներին չեմ տիրապետում»:
Հարցին՝ ինչպե՞ս է տեղի ունեցել տեղեկատվության արտահոսքը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Այսքանով սահմանափակվենք… Ժամանակ կանցնի, ինչ-որ ձևով ինչ-որ բաներ պարզ կդառնան, բայց ասում եմ՝ ապշած եմ»:
Հարցին՝ Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց քննարկվո՞ւմ է, Ալեն Սիմոնյանը նշեց՝ նման հարց չի քննարկվում. «Իշխող խմբակցությունը 6 տարվա ընթացքում երբևէ նման հարց չի քննարկել»:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արգիշտի Քյարամյանի և Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպից հետո խնդրանքով դիմել էր պատգամավորին՝ նրան հորդորելով վայր դնել մանդատը:
Նախօրեին Աղազարյանը հայտարարել էր, թե «ստիպված է մերժել վարչապետի խնդրանքը»:
Ավելի ուշ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել էր կուսակցությունից՝ պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառաբանմամբ։