Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ազգային ժողովը առաջին ու երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկեց և ընդունեց դեկտեմբերի 3-ին մեկնարկած նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը, այդ թվում՝ համաձայնագրերը:
Ամբողջությամբ ընդունվեց նաև
2025 թվականի պետբյուջեի նախագծի վերանայված տարբերակը, համաձայն որի՝ փոփոխվել են եկամուտները, ծախսերը, դեֆիցիտը: Վերանայված նախագծով ՀՆԱ-ն կանխատեսվել է 10 տրլն 891 մլրդ դրամ, տնտեսական աճը՝ 5,1%: Նշված ցուցանիշները սկզբնական նախագծի համեմատ փոփոխվել են նվազման ուղղությամբ, համապատասխանաբար, 158 մլրդ դրամով և 0,5 տոկոսային կետով: Այս նախագծին խորհրդարանական ընդդիմությունը դեմ քվեարկեց:
Բյուջեի քվեարկությունից հետո կրքերը թեժացան, իշխող և ընդդիմադիր պատգամավորները սկսեցին միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնել:
Բյուջեի քվեարկությունից հետո վարման կարգով ելույթ ունեցավ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որը մեղադրեց իշխող խմբակցությանը, որ կողմ է քվեարկել մի փաստաթղթի, որով «ավելանալու է պետական պարտքը, ավելանալու են տուրքերն ու հարկերը»:
Գեղամ Մանուկյանին հակադարձեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ հայտարարելով, որ ուզում է արձանագրել՝ «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկել բյուջեի նախագծին, որով սահմանվում է, որ ՀՀ զինծառայողները պետք է աշխատավարձ ստանան, ծերերը թոշակ պետք է ստանան, Հայաստանի բանակի համար պիտի զենք գնվի, ամրաշինական աշխատանքներ պիտի կատարվեն:
«Սա այս ամենն է, ինչ պետք է իմանալ «Հայաստան» խմբակցության մասին»,- ավելացրեց Ալեքսանյանը:
Իր հերթին, ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, դիմելով Գեղամ Մանուկյանին, հիշեցրեց՝ ընդամենը րոպեներ առաջ Գեղամ Մանուկյանը և «Հայաստան» խմբակցությունը կողմ չքվեարկեցին մի նախագծի, որով նախատեսվում էր նվազեցնել ՀԴՄ կանոնների աննշան խախտումների համար նախատեսվող տուգանքների չափերը:
«Տնտեսվարողների շահերը հստակ պաշտպանող նախագծերին ձեռնպահ եք քվեարկում»,- արձանագրեց պատգամավորը:
Վահագն Ալեքսանյանի դիտարկմանն արձագանքեց նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ հայտարարելով, որ խմբակցությունը դեմ է քվեարկել 2025 թվականի բյուջեին, քանի որ բանակին, առողջապահությանը, կրթությանն անհրաժեշտ գումար չի հատկացվել:
«Սիրելի՛ հայրենակիցներ, հույս ունեմ, դուք հասկանում եք՝ ինչի ենք մենք դեմ քվեարկել: Դա պարտքով ապրելու բյուջե է»,- հայտարարեց Խաչատրյանը:
Դահլիճում տեղի ունեցողին արձագանքեց նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հիշեցնելով, որ ընդդիմադիր գործընկերները դեմ են քվեարկել նաև Սյունիքի մարզում Քաջարանի թունելի
շինարարության համար վարկ տրամադրելուն:
Հիշեցնենք՝ այսօր ընդունվել է նաև «ՀՀ-ի և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին»
համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը, որով նախատեսվում է տրամադրել 200 մլն դոլարի վարկ՝ Քաջարանի թունելի շինարարության և Մ2 ճանապարհի մի հատվածի վերակառուցման ինժեներաշինարարական աշխատանքների իրականացման համար:
Ծրագրով նախատեսվում է իրականացնել շուրջ 7 կմ երկարությամբ Քաջարանի թունելի կառուցման և գոյություն ունեցող Մ2 ճանապարհի շուրջ 4 կմ երկարությամբ հատվածի վերակառուցման աշխատանքները: