Ինքնահռչակ Աբխազիայի խորհրդարանը դեմ է քվեարկել Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի վավերացմանը: Նախագծին դեմ է քվեարկել 22 պատգամավոր, երկուսը ձեռնպահ է մնացել:
Պայմանագրի համաձայն՝ ռուսական ընկերությունները հնարավորություն էին ստանում ինքնահռչակ հանրապետության տարածքում իրականացնել իրենց ներդրումային ծրագրերը։
Փաստաթուղթը ստորագրվել է 2024 թվականի հոկտեմբերի վերջին։ Նոյեմբերի 15-ին այն պետք է վավերացվեր խորհրդարանում, սակայն դրա վավերացման դեմ բողոքի ցույցեր սկսվեցին: Ըստ ընդդիմության՝ այդ նախաձեռնությունը վնասում է Աբխազիայի տնտեսական ինքնիշխանությանը։ Ցուցարարները նոյեմբերի 15-ին գրավեցին կառավարական շենքերը Սուխումում՝ պահանջելով նախագահ Բժանիայի և կառավարության հրաժարականը: Հաջորդ օրը նախագահ Ասլան Բժանիան հայտարարել է, որ հրաժարական է տալիս, որը հետագայում ընդունել է խորհրդարանը։ Ինքնահռչակ հանրապետությունում նախագահի արտահերթ ընտրությունը նշանակված է 2025 թ. փետրվարի 15-ին: