Դեկտեմբերի 2-ին Հաագա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև երկկողմ օրակարգի ընդլայնմանը միտված քայլերը՝ ընդգծելով մի կողմից՝ վերջին տարիներին ձևավորված համագործակցության ամուր հիմքերը և մյուս կողմից՝ գործընկերությունը համատեղ ջանքերով առավել խորացնելու պատրաստակամությունը։
Դիտարկվել են համագործակցության հետագա զարգացման ներուժ ունեցող հիմնական ոլորտները։
Արարատ Միրզոյանը և Կասպար Վելդկամպը հանգամանալից քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում առկա հեռանկարները։
Նախարար Միրզոյանը նշել է, որ Նիդերլանդները ՀՀ համար կարևոր գործընկեր է ԵՄ հետ փոխգործակցության հետագա առաջմղման հարցում՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա։
Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։
Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Արարատ Միրզոյանը շեշտել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքման հարցում ՀՀ կողմից հստակ արտահայտված քաղաքական կամքը։
Տարածաշրջանային հաղորդակցությունների ցանցի զարգացման համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։