ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո, «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ն անցկացնում է «Կողք կողքի» 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը, որի կարգախոսն է՝ «Ներառական հասարակություն՝ քաղաքակիրթ երկիր»։
Այսօր՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Կողք կողքի» 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի գալա համերգը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և այլք:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, նշել է․
«Ուրախ եմ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առիթով ներկա լինել «Կողք կողքի» փառատոնի 5-ամյակի հոբելյանական համերգին, որն առանձնահատուկ ջերմություն և հմայք է հաղորդում այս կարևոր օրվան։ Այս 5 տարիները փառատոնի համար եղել են նաև որակական զարգացման տարիներ, որովհետև այն, ինչ այսօր տեսնելու ենք բեմում, միայն մեկօրյա միջոցառում չէ, այլ հետևողական և շարունակական աշխատանքի արդյունք։
Այսպիսի օրերն ու միջոցառումները մեզ համոզում են, որ անհնարին ոչինչ չկա, որովհետև եթե հինգ տարի առաջ այս գաղափարների մասին բարձր խոսեինք, առավելագույնն ինչին կհանդիպեինք, թերևս թերահավատությունն ու կասկածը կլինեին, սակայն աշխատանքը փոխում է ամեն ինչ։ Այդ աշխատանքի շնորհիվ այսօր հրաշալի երեկո ենք ունենալու, որը համատեղ ջանքերի արդյունք է, բայց միաժամանակ ցույց է տալիս, թե դեռ ինչքան անելիք ունենք։ Ներառական հասարակությունը բառեր ու միջոցառումներ չեն․ այն մեր ապրելու ձևն է և կենսաոճը։ Այսպիսի միջոցառումները պետք է ցույց տան, որ այդ ճանապարհը հնարավոր է անցնել՝ ամեն օրը դարձնելով այդպիսին»։
Նախարարը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին, մասնակից երեխաներին և Սիմֆոնիկ նվագախմբին, որոնք, ըստ Ժաննա Անդրեասյանի, ցույց են տալու հնարավորի արվեստը։
Գալա համերգի ընթացքում փառատոնի մասնակիցները հանդես են եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան, համերգի դիրիժոր՝ Հարություն Արզումանյան/: Երեխաների և պատանիների հետ բեմում՝ կողք կողքի, հանդես են եկել նաև հայաստանյան երաժշտաոլորտի անվանի անհատ-կատարողները։
Գալա համերգի շրջանակում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախասրահում կազմակերպվել է առանձնահատուկ կարիքներով երեխաների նկարչական և ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որի ամբողջ հասույթը կտրամադրվի այն կազմակերպություններին, որոնցից ձեռք են բերվել ստեղծագործական աշխատանքները:
Այս տարի փառատոնին մասնակցում է սահմանափակ կարողություններ ունեցող շուրջ 400 մասնակից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Գերմանիայից, Ղազախստանից, Մոլդովայից, Ղրղզստանից, Ուզբեկստանից։
Փառատոնի ընթացքում երեխաները տարբեր հարթակներում հանդես են եկել տարաբնույթ ծրագրերով՝ համերգային կատարումներ, թատերական ներկայացումներ, գրական-մշակութային նախաձեռնություններ, նկարչական և ձեռագործ աշխատանքների ցուցադրություն:
Նշենք, որ փառատոնը միտված է զարգացման առանձնահատկություններով երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտմանը, կարողությունների զարգացմանն ու կատարելագործմանը, ինչպես նաև մշակույթի և կրթության ոլորտներում ներառականության ապահովմանը: Փառատոնի հովանավորներն են Երևանի քաղաքապետարանը, «Իմ քայլը» հիմնադրամը, ArLeAM ընկերությունը: