Ներկայումս քաղաքացիության հետ կապված վարչարարությունն իրականացվում է թղթային տարբերակով, որը հավելյալ բարդություններ է առաջացնում քաղաքացիություն հայցող անձանց ու վարչական մարմնի համար: Առաջարկվող լուծմամբ կունենանք միասնական էլեկտրոնաան համակարգ քաղաքացիության գործերի վարման համար, սակայն կպահպանվի քաղաքացիություն հայցող անձի կողմից 1 անգամ վարչական մարմին այցելելու սկզբունքը, ինչը պայմանավորված է առաջնային նույնացման, ինչպես նաև փաստաթղթերի իսկության ստուգման անհրաժեշտությամբ: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 3-ի նիստին ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը:
«Մինչև այցելությունը քաղաքացիություն հայցող անձը համակարգում կվերբեռնի անհրաժեշտ փաստաթղթերի սկանավորված տարբերակները, որոնց ամբողջականությունն ստուգելուց հետո նրան կտրվի օր և ժամ, թե երբ պետք է այցելի վարչական մարմին: Վարչական մարմնում կկատարվի առաջնային նույնականացում, և կկատարվի փաստաթղթերի իսկության ստուգում»,- ասաց նախարարի տեղակալը և տեղեկացրեց, որ ոստիկանության, ՊՆ-ի, ԱԱԾ-ի և այլ մարմինների մասով հարցումները կկատարվեն էլեկտրոնային տարբերակով:
Մեկ այլ՝ «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետտուրքը, որը չի փոխվել 1997 թվականից ի վեր:
«Առաջարկում ենք շնորհման համար 1000 դրամ պետական տուրքի փոխարեն սահմանել 50 հազար պետական տուրք, իսկ դադարեցման 25 հազար դրամի փոխարեն՝ 150 հազար պետական տուրք»,- ասաց նա և հավելեց՝ փախստականների համար կգործի տուրքից ազատման կոմպոնենտ, դա կվերաբերի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին:
Փոփոխությունները, ըստ նախարարի տեղակալի, պայմանավորված են տարիների ընթացքում տեղի ունեցած գնաճով, ինչպես նաև այլ երկրների փորձով: