Հարկային օրենսգրքում փոփոխություն ենք կատարում, որոնք ի շահ բիզնեսի են և լավարկում են ներկա գործարար միջավայրը: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 3-ի նիստին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը:
Նախարարը հիշեցրեց՝ նախատեսված է, որ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտման դեպքում անհատ ձեռնարկատերը, կազմակերպությունը, նոտարը տուգանվում է 200 հազար դրամով՝ գումարած նախորդ եռամսյակի շրջանառության 0,5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 10 մլն դրամը: Խախտումների դեպքերը բազմաթիվ են, տուգանքները կիրառվում են, օրինակ, ՀԴՄ կտրոնը չտրամադրելու դեպքում, ապրանքի գինը, քանակը ճիշտ չնշելու, քանակ չմուտքագրելու, ինչպես նաև ԱՏԳ ԱԱ (արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ) կոդը սխալ տպելու դեպքում: Բայց եթե ՀԴՄ-ի վրա գինը կամ քանակը քիչ է նշվում, տնտեսվարող սուբյեկտը սահմանված քանակից քիչ հարկ է վճարում, եթե ՀԴՄ չի տպում, առհասարակ հարկ չի վճարում, իսկ եթե ԱՏԳ ԱԱ կոդն է սխալ տպում, այն պետության համար հարկային, ֆինանսական որևէ հետևանք չի առաջացնում:
«Հատկապես հիմա օրենսգրքի նոր կարգավորումներով շատ ավելի լայն շրջանակ է ստիպված լինելու այդ կոդերը տպել, կարծում ենք՝ հնարավոր է՝ առաջանան իրավիճակներ, երբ զանգվածաբար հատկապես փոքր տնտեսվարող սուբյեկտներն այս սխալն անեն, քանի որ չունեն համապատասխան մասնագետներ, օֆիսային աշխատանք անողներ»,- ասաց նախարարը և հավելեց՝ ստացվում է, որ բոլոր խախտումների դեպքում մեկ միասնական տուգանք է սահմանվում, մինչդեռ դա այդքան էլ ճիշտ չէ:
«Առաջարկում ենք առաջին անգամ այսպիսի խախտում անելու դեպքում նախագուշացում կիրառել, իսկ մեկ տարվա ընթացքում երկրորդ խախտումն անելու դեպքում 50 հազար դրամ տուգանք սահմանել»,- ասաց նախարարը:
Կարագավորման նպատակը, ըստ Պապոյանի, փոքր ու միջին ձեռնարկությունների համար գործունեություն ծավալելու ավելի կանխատեսելի, ավելի բարենպաստ միջավայր ստեղծելն է՝ տարբերակելով ՀԴՄ-ի կիրառության խախտման պատասխանատվության միջոցները ըստ խախտման բնույթի և պետությանը պատճառված վնասի չափի:
Հարակից զեկուցող Բաբկեն Թունյանը հավելեց՝ ի շահ տնտեսվարողների քայլ է արվում. «Այսինքն՝ բոլոր այն դեպքերում, երբ փաստացի գործ չունենք ՀԴՄ կանոնների չարամիտ խախտման հետ, որոնք առաջացնում են հարկային եկամուտների կորուստ, մենք տարբերակված մոտեցում ենք ցուցաբերում»: