Նախատեսվում է իրականացնել հանրային իրազեկման արշավներ դպրոցներում, քոլեջներում և բուհերում, ուզում եմ կոչ անել նաև մեր բոլոր մանկավարժներին, նաև ծնողներին, որ իրենք էլ աջակցեն այս նախաձեռնության կյանքի կոչմանը, քանի որ միայն իրավական հիմքեր ստեղծելով՝ չես կարող դեռահասներին զերծ պահել էներգետիկ ըմպելիքների օգտագործումից: Այս մասին խորհրդարանում հայտարարեց պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ ներկայացնելով իր և պատգամավորներ Հակոբ Արշակյանի, Բաբկեն Թունյանի, Սոնա Ղազարյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Արսեն Թորոսյանի, Մարիամ Պողոսյանի և Հասմիկ Հակոբյանի ներկայացրած՝ Առևտրի և ծառայությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Նրա խոսքով՝ առաջարկվում է էներգետիկ ըմպելիքները վաճառել առանձնացված դարակաշարով: Կարգավորումը նախատեսված է հենց այս օրենքի շրջանակում:
«Դարակաշարը մակնշված է լինում, և վրան պարտադիր գրված է լինում, որ խորհուրդ չի տրվում օգտագործել մինչև 18 տարեկան երեխաներին, հղիության և կրծքով կերակրելու ժամանակ, ինչպես նաև նյարդային բարձր գրգռվածությունից, անքնությունից, զարկերակային բարձր ճնշումից տառապող անձանց՝ ընթեռնելի և տեսանելի վայրում տեղադրված է լինելու»,- նշեց պատգամավորը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին, որ առաջարկում էր մակնշել էներգետիկ ըմպելիքները, որպեսզի քաղաքացիների մոտ շփոթություն չառաջանա:
Հարակից զեկուցող, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասաց՝ իհարկե կողմ են նախագծին, բայց կոչ արեց ընդունել այնպիսի օրենքներ և որոշումներ, որոնք թույլ կտան բյուջետային մուտքերը ապահովել:
«Կոնկրետ այս նախագծի մասով կարգավորման ազդեցության գնահատական իրականացրել ենք և ըստ էության կարող ենք ասել, որ բացասական ազդեցությունները շատ մեծ չեն, ավելին՝ եթե առողջապահական ազդեցությունը չափենք ֆինանսական ցուցիչով, կարող ենք ասել, որ դրական է նույնիսկ: Վստահաբար, տալիս ենք դրական եզրակացություն, կոչ ենք անում կողմ քվեարկել»,- ասաց նախարարը:
Հիշեցնենք՝ առաջարկվում է օրենքով ամրագրել «էներգետիկ ըմպելիք» հասկացությունը, ՀՀ-ում արգելել մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը, սահմանափակել էներգետիկ ըմպելիքների գովազդի հնարավորությունները և ոչ պատշաճ գովազդի հեռարձակումը և էներգետիկ ըմպելիքների գովազդի հեռարձակման ժամանակային տիրույթը, ինչպես նաև սահմանել վարչական պատասխանատվություն նշված սահմանափակումներն ու արգելքները խախտելու համար: