Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը ստեղծվել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ռուսաստանի Դաշնության կողմից 2009 թվականի հունիսի 9-ի «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի հիմնադրման մասին» պայմանագրով, որի հիմնական նպատակն է նպաստել անդամ պետությունների տնտեսական և ֆինանսական կայունության ամրապնդմանը: Այս մասին ասել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ հերթական նիստի ընթացքում:
Խորհրդարանը քննարկել է ««Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի հիմնադրման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Նախարարի ներկայացմամբ պայմանագրի համաձայն` հիմնադրամն իրավաբանական անձ չէ, իսկ նրա միջոցների կառավարումն իրականացնում էր հիմնադրամի խորհուրդը` Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) և հիմնադրամի հիմնադիրների միջև կնքված «Հիմնադրամի միջոցների կառավարման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի համաձայնագրին համապատասխան: Հիմնադրամի խորհրդի կողմից հավանության արժանացած ծրագրերով և նախագծերով գործառնություններն իրականացնում էր ԵԱԶԲ-ը: Նա նշել է, որ ի սկզբանե հիմնադրամն ու ԵԱԶԲ-ը տարբեր առաքելություններ են ունեցել և տարանջատման հարցը մշտապես եղել է օրակարգում: Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ 2023 թվականին մշակվել և հիմնադրամի խորհրդի քննարկմանն է ներկայացվել արդիականացված կանոնադրական փաստաթղթերի փաթեթ, որի նպատակն է ապահովել հիմնադրամի 2022-2026 թվականների ռազմավարական դրույթների անխոչընդոտ իրականացումը հիմնադրամի միջազգային ֆինանսական կազմակերպության կարգավիճակ շնորհելու միջոցով մասնակից պետությունների ազգային արժույթով նախագծերի և ծրագրերի ֆինանսավորման հնարավորությամբ: Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը 2024 թվականի հունիսի 26-ին ստորագրվել է հիմնադրամի բոլոր անդամ պետությունների կողմից: Համաձայն փոփոխված կանոնադրության` հիմնադրամը միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող միջազգային կազմակերպություն է:
Հարակից զեկուցող, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ` առաջարկելով կողմ քվեարկել: