Նախագծի ընդունման նպատակն է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները և նորմաները, հիգիենիկ նորմատիվները խախտելուց զատ սահմանել նաև պատասխանատվություն` հանրային առողջապահական նորմատիվները խախտելու համար` հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» օրենքի կարգավորումները: Խորհրդարանը դեկտեմբերի 3-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այն ներկայացրել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը:
Նախատեսվում է, որ նախագծի ընդունման արդյունքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հնարավորություն կստանա լիարժեքորեն իրականացնել իրեն վերապահված գործառույթները` վերահսկողության համապատասխան ոլորտում ապահովելով անվտանգությունն ու օրենսդրության պահանջների պահպանումը:
Նախագծի վերաբերյալ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Էմմա Պալյանը: