Հանդիպում եղել է «Ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրինության հետ, որի ժամանակ նշվել է աստիճանաբար արտաժամի հարցը հասցեագրելու և կարգավորելու խոստումը, որը և իրականացվելու է: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ արձագանքելով Հանրային հեռուստաընկերության լրագրողի հարցին, թե ակցիային նախորդե՞լ է «Ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրինության կամ վարորդների հետ հանդիպում, քանի որ վերջիններս նշում են, որ աշխատաժամանակի ու աշխատավարձի վերանայման հարց են բարձրաձայնել:
Հարցին՝ արդյոք վարորդների ազատումների թիվը վերջնակա՞ն է, Սուրեն Գրիգորյանը պատասխանեց. «Չեմ բացառում, որ լրացուցիչ ազատումներ նույնպես լինեն»:
Անդրադառնալով 18 վարորդներին աշխատանքից ազատելու հիմքին՝ Սուրեն Գրիգորյանը պատասխանեց. «Աշխատանքային օրենսգրքով վստահությունը կորցնելու հիմքով առկա է օրենսդրական հիմք, որով նախատեսվում է, որ եթե աշխատակիցը կատարում է գործողություններ, որոնց արդյունքում կազմակերպությունը կրել է կամ կարող է կրել ֆինանսական վնաս, դա հիմք է վերջինիս աշխատանքից ազատելու համար:
Ինձ թվում է, որ բոլորիս համար ակնհայտ է, որ այդ վնասը ոչ թե կարող է կրել, այլ այն պահից սկսած, որ պետք է դուրս գային գիծ համապատասխան շարժակազմեր, այդ պահից սկսած՝ «Ավտոբուս» ՓԲԸ-ն վնասը կրում է և շարունակում է կրել, ցավոք սրտի»:
Սուրեն Գրիգորյանը նաև նշեց, որ Աշխատանքային օրենսգրքում, ըստ խստության աստճանի, կան համապատասխան սանկցիաներ՝ նախազգուշացում, նկատողություն, խիստ նկատողություն, աշխատանքից ազատում: Այդ դեպքում օրինաչափորեն ընտրվել է պատասխանատվության ամենախիստ միջոց:
Ավելի վաղ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացրել էր, որ հասարակական տրանսպորտի վարորդների կողմից իրականացված գործադուլի հետևանքով 18 վարորդ ազատվել է աշխատանքից։
Երևանի քաղաքապետարանը
անդրադարձել էր վարորդների գործադուլին՝ նշելով, որ գործողություններին գնահատական է տրվելու աշխատանքային օրենսդրության շրջանակներում:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ
նշել էր, որ որևէ տեսակի շանտաժի չեն տրվելու, կոմպրոմիսի չեն գնալու: