Մենք այս ճանապարհն անցնելու ենք մինչև վերջ, մենք շանտաժի չենք տրվելու: Ասվում է՝ գործադուլ է, ասում եմ, որ այդ տերմինը չօգտագործեք, դա օրինական գործընթաց է, որի շրջանակներում աշխատողները բարձրացնում են իրենց իրավունքների հարցերը: Սա շանտաժ է, սա գործադուլ չէ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով առավորտյան «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդների գործադուլին:
«Մեր օրենսդրությունը նաև կարգավորում է, որ եթե անգամ հասարակական տրանսպորտի ոլորտում գործող կազմակերպության աշխատակիցներն ուզում են գործադուլ իրականացնել, նախ դրա մասին 14 օր շուտ պետք է ծանուցեն, ինչը ոչ պակաս կարևոր է, և ավելորդ է նշել, որ այսօրվա գործողության մասին ոչ մի, թեկուզ նախնական 1 օր շուտ ծանուցում չի եղել:
Անգամ եթե պատկերացնենք, որ 14 օր շուտ վարորդները մեզ ծանուցեին, որ գործադուլ պետք է անեն, աշխատանքային օրենսդրությունը նախատեսում է, որ այս պայմաններում անգամ պետք է ապահովել նվազագույն պահանջներ, որպեսզի հանրության վրա գործադուլի գործընթացը չանդրադառնա: Ուստի այսօրվա գործողությունը ոչ մի կերպ գործադուլ անվանել հնարավոր չէ. սա շանտաժ է, և, ըստ էության, այս գործողությամբ փորձ է կատարվում քաղաքային իշխանության վրա ճնշում գործադրել, գեներացնել հանրային դժգոհություն, որ մենք էլ ասենք՝ դե լավ, ժողովո՛ւրդ ջան, մենք էլ կոմպրոմիսի գանք, մի քիչ քիչ գողացեք, մի քիչ ավելի գողացեք: Այս խոսակցությունները չեն լինելու, ուզում եմ շատ հստակ ասել:
Եվս մեկ անգամ հայցում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը: Հույս ունեմ, որ ըմբռնումով կմոտենան, կհասկանան՝ ինչի համար ենք այս ամեն ինչն անում, հիմնովին այս խնդիրն այս գործընթացի արդյունքում կլուծենք»,- ասաց նա:
Ավելի վաղ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացրել էր, որ հասարակական տրանսպորտի վարորդների կողմից իրականացված գործադուլի հետևանքով 18 վարորդ ազատվել է աշխատանքից։
Երևանի քաղաքապետարանը
անդրադարձել էր վարորդների գործադուլին՝ նշելով, որ գործողություններին գնահատական է տրվելու աշխատանքային օրենսդրության շրջանակներում:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ
նշել էր, որ որևէ տեսակի շանտաժի չեն տրվելու, կոմպրոմիսի չեն գնալու: