Երկու տարի առաջ այս ամբիոնից հայտարարել եմ, ասել եմ՝ եթե մեզ հաջողվի 1-2 տարի պահել մեր պետականությունը, դա նշանակում է, որ մենք առաջիկա 100-ամյակում պետություն ունենալու իրական հնարավորություն ենք ստեղծել և ստեղծում: Եվ ահա երկու տարի անց ես կանգնած եմ ՀՀ խորհրդարանի ամբիոնին՝ որպես ՀՀ վարչապետ, և պիտի այսպիսով արձանագրեմ, որ միջնաժամկետում մեր դարավոր և ռազմավարական խնդիրը լուծված է: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի փոփոխված տարբերակի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բայց չի կարելի ոչ մի վայրկյան թուլացնել մեր զգոնությունը, որովհետև, այո՛, այն մարտահրավերները, որոնք մենք ունեինք 2 տարի առաջ, այդ մարտահրավերների մի մասը, մի զգալի մասը դարձել են էականորեն ավելի կառավարելի, բայց նաև ի հայտ են եկել նոր մարտահրավերներ, որը որոշակիորեն կառավարելու համար անհրաժեշտ է, որ մենք հաղթահարենք ազգ-նահատակ, ազգ-բանակ բանաձևերը, և ավելի ու ավելի ամուր կանգնենք... պարզապես պետություն, ուղղակի պետություն, որի միակ խնդիրը սեփական տարածքում սեփական քաղաքացիների անվտանգությունը և բարեկեցությունը ապահովելն է: Ահա, մեզ պետք է ամուր կանգնել այդ հիմքերի վրա, այս տեսլականի, այս հայեցակարգի վրա և քայլ-քայլ, զգուշորեն, ինքներս մեզ հաշիվ տալով, որ դեռևս շարունակում ենք քայլել ականապատ դաշտի միջով, կարողանանք հաղթահարել այս ականապատ դաշտը և միջավայրը և հասնել այն հանգրվանին, որը հնարավորություն կտա ասելու, որ մենք, ահա՛, երաշխավորեցինք մեր պետության լինելիությունն առաջիկա 100-ամյակի ընթացքում:
Ես չեմ ուզում տպավորություն ստեղծվի, որ հերթական տեսլականն եմ ձևավորում հետագա սերունդների համար: ԱԺ հարգելի՛ նախագահ, հարգելի՛ փոխնախագահ, Կառավարության հարգելի՛ անդամներ, ԱԺ հարգելի՛ պատգամավորներ, սիրելի՛ ժողովուրդ, ես համոզված եմ, որ հենց մենք ենք այն կառավարությունը, հենց մենք ենք այն խորհրդարանը, հենց մենք ենք այն ժամանակը, որը հնարավորություն է ունենալու ասելու՝ ահա մենք երաշխավորեցինք Հայաստանի պետականության գոյությունը առաջիկա 100-ամյակի ընթացքում»,- ասաց նա: