Այս դահլիճում և մեր հասարակության մեջ ընդհանրապես շատ է քննարկվում արդարացիորեն արտագաղթի թեման: Կարծում եմ՝ այս հարցով էլ պետք է առերեսվենք մի շատ պարզ ճշմարտության:
Այս մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Գիտեք, 1990-ականների սկիզբից մենք անընդհատ խոսում ենք արտագաղթի մասին, և արտագաղթի համար բերում ենք ամենատարբեր պատճառներ՝ սկսած սոցիալական անարդարություններից, իրավական անարդարություններից, վերջացրած ենթակառուցվածքների վատ վիճակով, բիզնես միջավայրով և այսպես շարունակ, ինչը բոլորը ճշմարիտ են: Բայց նաև թույլ տվեք կիսել ձեզ հետ իմ տպավորությունը, որ մինչև այս իմ թվարկած բոլոր պատճառները, լինելով ճշմարիտ, պատճառներ են, բայց դրանք պատճառների 10-15, մաքսիմում 20 տոկոսն են: Հարգելի՛ ներկաներ, սիրելի՛ ժողովուրդ, եկեք խոստովանենք ի վերջո, որ արտագաղթի պատճառները 90 տոկոսով կապված են մեր վարած տարածաշրջանային քաղաքականության հետ»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ արտագաղթի առաջին, երկրորդ, երրորդ, տասնմեկերորդ պատճառը մեր կոնֆլիկտային հարաբերություններն են մեր միջավայրի հետ:
«Այո՛, տասներկուսը կարող է լինել սոցիալական բարդությունը, բայց եկեք ասենք, որ այդ սոցիալական բարդությունների մի մեծ մասը կապված է կոնֆլիկտային միջավայրի հետ: Տասներեքերորդը կարող է լինել արդարության պակասը, բայց եկեք խոստովանենք, որ այդ արդարության պակասը նույնպես որոշ տեղերում և որոշակի չափով կապված է կոնֆլիկտային միջավայրի հետ: Դրա մասին խոսելն ընդունված չէ: Մենք չենք խոսել այդ կոնֆլիկտային միջավայրում իրենց վրա շատ մեծ պատասխանատվություն վերցրած մարդկանց ներհասարակական, ներհայաստանյան պահվածքի, կարգավիճակի մասին: Չենք խոսել դրա մասին, օբյեկտիվորեն: Ես հիմա չեմ թիրախավորում ոչ մեկի, բայց մենք պետք է իրար աչքերի մեջ նայենք և խոստովանենք, որ այս իրադրության պատճառով Հայաստանի Հանրապետության քանի քաղաքացի է թողել-գնացել՝ ասելով, որ այս երկրում արդարություն, ապագա չկա»,- նշեց վարչապետը: