Երբ բոլորը բոլոր հնարավոր տեղերում խախտում են միջազգային հարաբերությունների ընդունված կանոնները, մենք պետք է դիրքավորվենք որպես մի պետություն, որը ինքն իրեն հռչակում է, և ինքն իրեն սահմանափակում է միջազգային հանրահռչակված, ընդունված կանոններով գործելուն համապատասխան: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի փոփոխված տարբերակի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս պայմանների առկայությամբ է, որ բանակը, մեր մտածած ուժեղ և մարտունակ բանակը կարող է լինել էֆեկտիվ: Սա նշանակում է` ստեղծել անվտանգային մի համակարգ, որի առաջին գծում բանակը չէ: Բանակից առաջ կան բուֆերներ: Որո՞նք են այդ բուֆերները, օրինակ՝ տնտեսական փոխկապվածությունները, որից առաջ կա ուրիշ բուֆեր, ո՞րն է այդ բուֆերը՝ միջազգային կանոնները, որի ոտնահարումներից այսօր բողոքում են բոլորը և ամենուր:
Բայց եթե բոլորը և ամենուր բողոքում են դրա ոտնահարումներից, նշանակում է՝ այդ կանոններին հավատարիմ լինելը, հավատարիմ պահպանելը դրական գործելակերպ է, և այդ դրական գործելակերպը ձևավորում է ևս մի բուֆեր բանակից առաջ, մեր այն զինվորից առաջ, որի ուսերին մենք ինչ բեռ ասես՝ դնում ենք:
Այդ պայմաններում է, որ ուժեղ բանակ ունենալու օրակարգը կարող է լինել լեգիտիմ, ուժեղ բանակ ունենալու օրակարգը կարող է լինել արդարացված, ուժեղ բանակ ունենալու օրակարգը կարող է ապահովել անվտանգություն, անվտանգության շղթայի մեջ որպես մի և հերթական օղակ»,- ասաց նա: