Երբ վերջերս փորձում էի ամփոփել վերջին 6,5 տարվա ընթացքում իմ ունեցած տպավորությունները, գալիս եմ մի հետևյալ անխուսափելի եզրակացության. մեր միջին վիճակագրական իմիջն աշխարհում կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ: Սա իմ հիմնավոր տպավորությունների արգասիքն է: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի փոփոխված տարբերակի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է աշխարհն ընկալում ՀՀ-ն:
«Ընդհանուր առմամբ այն ուղերձը, որ մենք ուզում եք հղել աշխարհին, հետևյալն է, որ մեր Կառավարության մեծագույն առաքելությունը մենք համարում ենք այն, որ մենք ազգ-նահատակ լինելու կարգավիճակը հաղթահարենք:
Ընդհանրապես պիտի ասենք, որ մեր իրականության մեջ այս օրակարգը նոր չէ՝ անկախ նրանից, թե ինչքանով է դա ձևակերպված եղել, և ինչքան ձևակերպված չի եղել: Եվ մեր միջին վիճակագրական արձագանքն այս իրադրությանը եղել է և ինչ-որ առումով որոշ ժամանակ շարունակում է, շարունակել է մնալ հետևյալը, որ ազգ-նահատակ բանաձևը հաղթահարելու լավագույն ձևը ազգ-բանակն է: Բայց պիտի նաև արձանագրեմ, որ համոզված չեմ առնվազն, որ սա առաջին բանաձևի ճիշտ արձագանքն է, որովհետև իմ մտորումները և մտածումներն այն եզրակացության են, որ ազգ-բանակը ազգ-նահատակ բանաձևի տրամաբանության և շարունակության մեջ է:
Մենք շատ ենք ընդհանրապես խոսել և շարունակում ենք խոսել այն մասին, թե ինչպիսին պետք է լինի բանակի կամ ազգ-բանակի կամ պետության բանակի մեր ընկալումը, բայց էլի ուզում եմ ընդգծել, որ ազգ-բանակ ընկալումն ազգ-նահատակ ընկալման շարունակությունն է, և բխում է նրանից, որ եթե դու դիրքավորվում ես որպես ազգ-բանակ, անխուսափելիորեն քո դեմ գեներացնում ես այլ բանակներ:
Դե, մենք շատ խոսում ենք այն մասին, որ մենք պետք է ունենանք ուժեղ բանակ, և սա ճիշտ օրակարգ է, և մենք պետք է շարունակենք այս օրակարգի իրագործումը, բայց էլի ուզում եմ մենք մեզ հարց տանք՝ մենք ինչքա՞ն և ումի՞ց ուժեղ բանակ ենք ուզում ունենալ, որովհետև ինչպես այս ամբիոնից առիթ ունեցել եմ ասելու, պիտի այս հարցում շատ հստակ կողմնորոշվենք և ուղիղ ու անկեղծ ուղերձներ փոխանակենք և կիսենք մեր ժողովրդի հետ: Ուժեղ ումի՞ց...
Չեմ ուզում կոնկրետ երկրների օրինակներ բերել, բայց այդ հարցին պետք է պատասխանենք, իսկ քանի՞ համադրված բանակներից մենք պետք է ավելի ուժեղ լինենք: Լավ, մենք կարող ենք խնդիր դնել, որ մենք կարող ենք և պիտի ունենանք մի երկրի բանակից ավելի ուժեղ բանակ, իսկ եթե երկո՞ւ երկրների հետ է մեր խնդիրը. շատ լավ, կարող ենք խնդիր դնել, որ երկու երկրների, այսպես կոչված, «թշնամի երկրների» բանակներից ավելի ուժեղ բանակ ունենք, իսկ եթե պարզվի, որ 3 երկրի հետ է մեր խնդիրը, 4 երկրի հետ, 5 երկրի, իսկ եթե պարզվի, որ մեր խնդիրը ոչ միայն մեր թշնամիների հետ է, այլև բարեկամների հետ է: Մենք ումի՞ց, ինչքա՞ն ուժեղ բանակ պետք է ունենանք, այսինքն՝ սա մի խնդիր է, որին մենք պետք է արձագանքենք և պատասխանենք:
Ինչո՞ւ եմ սա ասում: Ասում եմ՝ այդ թվում վերլուծելով մեր մոտեցումները, մեր սխալները, որոնց ավելի ուշ կանդրադառնամ, բայց ես չեմ ուզում՝ փակուղի մտնենք, ուզում եմ՝ լուծում առաջարկենք: Ես ասում եմ, որ ազգ-նահատակ, ազգ-բանակ բանաձևերը հաղթահարելու համար մեզ պետք է որդեգրել մեկ այլ՝ բոլորովին ուրիշ տրամաբանություն, պարզապես պետության տրամաբանություն, որը գործում է միայն ու միայն բացառապես սեփական շահերին համապատասխան: Իսկ որոնք են այդ շահերը: Ես նախկինում սրան անդրադառնալու առիթներ ունեցել եմ՝ կիսելու համար այդ համոզմունքը, որ այդ շահը տնտեսական զարգացումն է կամ զարգացումը:
Հետևաբար ՀՀ-ն պետք է գործի միայն ու միայն սեփական տնտեսական շահի, զարգացման շահերին համապատսախան,- ասաց Փաշինյանը և հավելեց,- երկրորդը՝ պետք է պետությունը ինքն իրեն սահմանափակի միջազգային հարաբերությունների հռչակմամբ և ընդունված կանոններով ու օրենքներով»: