Թբիլիսիում ցույցերը վերսկսվել են: Ժամեր առաջ քաղաքի տարբեր փողոցներով բողոքի մասկաիցները շարժվել են խորհրդարանի շենքի մոտ, որտեղ ՆԳՆ մեծաքանակ ուժեր են կենտրոնացած: 4-րդ օրն է՝ Վրաստանի մայրաքաղաքում, իսկ վերջին օրերին՝ նաև երկրի տարբեր քաղաքներում, ցուցարարներն իրենց բողոքն են հայտնում ԵՄ-ի հետ անդամակցության բանակցությունները դադարեցնելու իշխող «Վրացական երազանք»-ի որոշման դեմ: Ցույցերն ուղեկցվում են իրավապահների ու մասնակիցների միջև բախումներով:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ կառավարության հակառակորդները հարձակվում են շրջաններում իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակների վրա, Քութայիսիում փորձել են հրդեհել գրասենյակը, իսկ Զեստաֆոնիում քարեր են նետել շենքի ուղղությամբ։ Նրա խոսքով՝ իշխող կուսակցությունն ավելի շատ ռեսուրսներ ունի, քան բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը, ուստի իշխող ուժի անդամները «չեն ծրագրում պատասխանել սադրանքներին»։
Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը բերման է ենթարկվել հակակառավարական ցույցերի ավելի քան 200 մասնակից։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունն էլ հայտնել է, որ առնվազն 27 ցուցարար, 16 ոստիկան և լրատվամիջոցների մեկ աշխատակից է հոսպիտալացվել։
«Ռոյթերս» գործակալությանը տված հարցազրույցում Վրաստանի նախագահը հայտարարել է, որ ճգնաժամից դուրս գալու միակ ելքը անցյալ ամիս անցկացված խորհրդարանական ընտրության չեղարկումը և նոր ընտրության անցկացումն է: Զուրաբիշվիլին նաև նշել է, որ չի հեռանա նախագահի պաշտոնից, երբ իր լիազորությունների ժամկետը լրանա այս ամիս, քանի որ խորհրդարանը, որը կընտրի իր իրավահաջորդին, ընտրվել է հոկտեմբերի ընտրություններում, որոնք կեղծվել են: Վրաստանի նախագահը համոզմունք է հայտնել՝ Ռուսաստանը, որն արդեն պատերազմում է Ուկրաինայում, «հիբրիդային ռազմավարություն» է վարում Վրաստանի դեմ։
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։