Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Kyodo News-ի հետ հարցազրույցում խոստովանել է, որ Կիևը բավարար ուժ չունի կորցրած տարածքները հետ գրավելու համար։
«Մեր բանակը դրա համար բավարար ուժ չունի։ Դա ճիշտ է: Մենք իսկապես պետք է դիվանագիտական լուծումներ գտնենք»,- ասել է Զելենսկին։
Սակայն Կիևը պատրաստ է դիտարկել նման քայլերը «միայն այն ժամանակ, երբ հասկանանք, որ բավականաչափ ուժեղ ենք»,- ընդգծել է Ուկրաինայի ղեկավարը։
Զելենսկին բավարար չի համարել իր գործընկերների աջակցությունն Ուկրաինային և կոչ է արել ՆԱՏՕ-ին հնարավորինս շուտ հրավիրել Կիևին դաշինքին անդամակցելու շուրջ բանակցություններին:
Օգոստոսին Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ Կիևը պատրաստ չէ իր տարածքներն օգտագործել «որպես խաղաղության առաջարկի տարբերակ»: Նոյեմբերին խոստովանել էր, որ հակամարտության «թեժ փուլը» կարող է ավարտվել, եթե Ուկրաինան միանա ՆԱՏՕ-ին իր վերահսկողության տակ գտնվող տարածքներով։
Նախօրեին նա ընդգծել էր, որ Ուկրաինան չի կարող հրավիրվել ՆԱՏՕ առանց տարածքի մի մասի, քանի որ դա կլինի «ավտոմատ ճանաչում, որ մնացած բոլոր տարածքները ոչ միայն վտանգի տակ են, այլև ուկրաինական չեն»:
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն էլ նոյեմբերին Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելու համար մեկնարկային կետ էր անվանել վերադարձը 2022 թվականի փետրվարի 23-ի սահմաններին։